Մարտի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է «Արտաշես Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով հայցը։ Դատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը հայցվոր Արտաշես Դավթյանին 9000 եվրո վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 60 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, հայտնում է ՄԻԵԴ֊ի կայքը:
Դավթյանը համարում է, որ իր նկատմամբ խախտվել է մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի:
Համաձայն ՄԻԵԴ ուղարկված հայցի, Հայաստանում խախտվել է Դավթյանի բուժում ստանալու իրավունքը: Դատարանի կայքում հրապարակված գործի նախապատմության մեջ նշված է, որ յուրացման մեջ մեղադրվող Դավթյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ 2003 թվականի ապրիլի 3-ին, նրա մոտ ախտորոշվել է կոկորդի ուռուցք, օրեր անց նրա մոտ ցնցումներ են սկսվել, արյան ճնշումն իջել է 20/40֊ի, Դավթյանն ուշագնաց է եղել:
Դիմողի վիճակը շարունակաբար վատացել է, նրա մոտ բժիշկները նոր հիվանդություններ են ախտորոշել, օրինակ, ասֆիքսկիա։ Թեև հրավիրված բժիշկները խորհուրդ են տվել շտապ բիոպսիա (ուռուցքի տեսակի ախտորոշում) անել, հետագայում՝ նաև վիրահատել Դավթյանին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հրաժարվել են բավարարել Դավթյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Դատավարության ընթացքում Դավթյանը մի քանի նիստերի ժամանակ վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ցուցմունք տալ: Ի վերջո, առանց դատական ակտի առկայության ՔԿՀ-ի ղեկավարությունը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխել Դավթյանին՝ նրա վիճակը ծայրահեղ վատթարանալու պատճառով: Դավթյանը վիրահատվել էր: Նա ազատ է արձակվել 2006 թվականին և շարունակել է բուժում ստանալը:
Դավթյանի փաստաբան Լուսինե Սահակյանը Epress.am-ին ասել է, որ իրենք փոխհատուցման չափը բավարար չեն համարում, սակայն կարևորում են այն, որ ՄԻԵԴ-ը խախտման փաստն ընդունել է:
«Սա կարևոր է հետագայում նման պրակիտկա թույլ չտալու, նման գործելաոճից վերջապես հրաժարվելու տեսանկյունից»,-ասել է Լուսինե Սահակյանը: