Այսօր Սահմանադրական դատարանում բանավոր ընթացակարգով ընթանում է փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի բերած բողոքի քննությունը: Կողմը վիճարկում է քրեական դատավարության օրենքսգրի այն դրույթները, որոնք արգելում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները և Սահմանադրական դատարանի որոշումներն ընդհանուր իրավասության դատարանների կողմից անպայմանորեն դիտվեն որպես նոր հանգամանք՝ գործերի նոր քննության սկսելու և նոր դատական ակտեր կազմելու համար:
Նշենք, որ դատարան դիմելու հիմք է հանդիսացել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ 2008 թվականի Մարտի 1-ի գործով անցած քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործը:
Սահմանադրական դատարանում գործի քննությունը հետաձգվել է երկու անգամ: Պատճառը լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունն է: Դատարանը պահանջել է դիմող կողմին ներկայացնել համանման բոլոր գործերը, որոնք քննվել են վերջին երկու տարվա ընթացքում:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունը նշել է, որ իրենք միայն երկու տարվա գործեր են պահանջել, քանի որ 2011 թվականին Ազգային ժողովն օրենք է ընդունել, որ դատական գործի նոր քննության համար հիմք կարող է հանդիսանալ ինչպես ՍԴ-ի որոշումը օրենքի նորմի հակասահմանադրական լինելու մասին, այնպես էլ որոշումը, որ օրենքը սահմանադրական է, սակայն սխալ է մեկնաբանվել:
Արտակ Զեյնալյանն այսօրվա նիստին հնչեցրած ելույթում նշել է, որ մարդիկ, ովքեր գործը շահել են ՄԻԵԴ-ում կամ ՍԴ-ում, Հայաստանի դատարաններում չեն կարողանում նախկինում կայացրած վճռի փոփոխության հասնել:
Դիմումը ներկայացնելով՝ փաստաբան Արա Ղազարյանը դատարանին ասել է, որ իրենք ձգտում են, որպեսզի Վճռաբեկ դատարանը, անկախ նրանից, թե կգա նույն եզրակացությանը, թե՝ ոչ, ՍԴ-ի որոշումից կամ ՄԻԵԴ-ի վճիռներից հետո անպայման գործերի նոր քննություն իրականացնի:
«Մենք դեռևս չենք հասել նրան, որ գործերը վերաբացվեն և քննվեն»,- ասել է Ղազարյանը:
Ըստ փաստաբանի՝ պատճառնն այն է, որ ԱԺ-ն քրեական դատավարության օրենսգրքի օրենք է ընդունել, որով դատարանը կարող է նոր հանգամանքով՝ ՍԴ որոշմամբ կամ ՄԻԵԴ-ի վճռով գործը կրկին քննել, սակայն կայացնել դատական ակտ, որի եզրակացությունը չի տարբերվում նախորդից:
Այդ դեպքում, սակայն, ըստ օրենքի, դատարանը պարտավոր է ծանրակշիռ փաստարկներ ներկայացնել:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է կողմը վերաբերում ծանրակշիռ փաստարկների անհրաժեշտությանը՝ Արա Ղազարյանը պատասխանել է, որ այդ մեկ բացառությունը, գործնականում, դատարանի կողմից օգտագործվում է որպես հիմք գործերի մեծ մասը վերադարձնելու համար:
Այս պահին գործի քննությունը շարունակվում է: