Այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է, որ արտասահմանից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս արտերկրից դեպի Հայաստան ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում ու ՀՀ հասնում մաքսազերծված վիճակում:
Թերթն ընդգծում է, որ ներմուծողները խուսափում են ապրանքը ՀՀ մաքսատանը մաքսազերծելուց, քանի որ Բելառուսում և Ղազախստանում Հայաստան ուղևորվող բեռների մաքսազերծման ժամանակ չեն կիրառվում այսպես կոչված «հսկիչ գներ», ինչի շնորհիվ մաքսազերծումն ավելի էժան է ստացվում:
«Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»:
Ասենք՝ եթե դուք 3000 դոլարով մեքենա եք գնել Եվրոպայում, ապա ՀՀ մաքսային ծառայաթյունը համարում է, որ դուք մեքենան գնել եք 5000 դոլարով, և հենց այդ գնից էլ հաշվարկում է ձեր վճարելիք մաքսատուրքը և ԱԱՀ-ն: Ղազախստանում և Բելառուսում նման ավանդույթ չկա, և ապրանքները մաքսազերծվում են ըստ ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի»,–գրում է թերթը։