2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 20 միջադեպ, որի հետևանքով մահացել է 26 զինծառայող: Դա կրկնակի անգամ ավելին է նախորդ տարվա՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մահացությունների դեպքերի քանակի համեմատ: Այս մասին վկայում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները։
Տարածած տեղեկանքում իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ մահացության 26 դեպքերից 19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը՝ սպանության, 2-ը ինքնասպանության (կամ ինքնասպանության հասցնելու) հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ առողջական խնդիրների:
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 19 մահացության դեպքից 15-ը տեղի են ունեցել ԼՂ տարածքում, իսկ 4-ը՝ ՀՀ տարածքում, մասնավորապես, 2 դեպք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում, և 1 դեպք՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում: 2014 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 26:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակն ավելի է սրվում, որն, իր հերթին, հանգեցնում է ավելի շատ կորուստների», ֊ եզրակացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
2015 թվականին գրանցվել է ևս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը: Ըստ առկա տեղեկատվության, վերջինս անհետացել էր, և նրա դիակը հայտնաբերվել է 2015 թ. մարտի 8-ին:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ