Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գևորգյանի հարազատների`Սերժ Սարգսյանին ուղղած նամակներն ուղղարկվել են Արդարադատության նախարարություն։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Էդգար Գևորգյանի մայրը՝ Հասմիկ Վանյանը:
Գևորգյանի հարազատները դիմումներ էին ուղղել նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպանատուն, սակայն վերջինս հրաժարվել էր զբաղվել գործով՝ մինչև հրահանգ չստանա Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից, թեև ապրիլի 1-ին նախարարությունը Հասմիկ Վանյանին տեղեկացրել էր, որ դիմել է հայկական դեսպանությանը և պատասխան ստանալուն պես կտեղեկացնի:
«Այսօր, սակայն, մենք Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանից ստացել ենք նամակ կրկին այն մասին, որ նա չի կարող զբաղվել այս գործով»,- ասել է Հասմիկ Վանյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Գևորգյանը մեղավոր է ճանաչվել սպանության և ավազակային հարձակում կատարելու մեջ, սակայն չի ընդունում մեղադրանքը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գևորգյանի փաստաբան Վահագ Մանուկյանը, Գևորգյանին ոստիկանությունում խոշտանգել են, նրա կողոսկրերը, ականջը ջարդվել է, վնասվել են երիկամները, վնասվածքներն այնքան շատ են եղել, որ Քրեակատարողական հիմնարկը հրաժարվել է նման վիճակով ձերբակալված ընդունել: Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալի դեմ որևէ ապացույց չկա, անցկացվել է 65 փորձաքննություն, սակայն ոչ մեկով Գևորգյանի մեղավորությունը չի հաստատվել, չկան տեսանկարահանումներ, ասում են, իբր տեսախցիկները չեն աշխատել: