հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բագրատյանը կոչ է անում Ցեղասպանությանը վերաբերող նախագծում հրաժարվել պահանջատիրությունից

Բագրատյանը կոչ է անում Ցեղասպանությանը վերաբերող նախագծում հրաժարվել պահանջատիրությունից

Այսօր Ազգային ժողովը սկսել է քննարկել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որով կոչ է արվում Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչել որպես մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություն:

Նախագծի հեղինակների թվում են «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր» խմբակցությունների 16 պատգամավորներ։

«Մեզ նաև զրկել են մեր հայրենիքից, մեր հաջորդ քայլերը պետք է միտված լինեն նաև այդ ուղղությամբ: Մենք խնդիր ունենք վերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը ևս, որովհետև տարածքային ամբողջականության չվերականգնելը նաև խոչընդոտում է մեր պետության զարգացմանը», – ասել է նախագծի համահեղինակներից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նախագծի գաղափարն ընդհանուր առմամբ ողջունելով հանդերձ՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը քննադատել է փաստաթղթում պահանջատիրական նպատակների արծարծումը:

«Ուզում ենք ցեղասպանությունը ճանաչեն, դիմենք՝ ճանաչեն: Բայց ինչի՞ ենք մենք վկայակոչում փաստաթղթեր, որտեղ մենք նշել ենք, որ հողերն էլ պետք է պահանջենք: Այս փաստաթուղթը միջազգային առումով ուժը կորցնում է: Բերում եք էս տեսքով, երբ այսօր մենք շանս ունենք տասնյակ երկրներում ճանաչել տալ Ցեղասպանությունը։ Եթե դուք ասում եք Ցեղասպանության ճանաչում, համաձայն ենք, այո, պարտավոր են մարդիկ: Բայց ձեր հայտարարությունում գրված է նաև պահանջատիրության, հողերի հարցը, դա ուրիշ բան է: Մենք էս մի քանի ամիս է վերածվել ենք թուրքերին հայհոյող տեսարանի, ամբողջ օրը հեռուստատեսությամբ դա է: Այդպես չէ՝ մենք թուրքերին չենք հայհոյում: Դա ձեզ ասում է մարդ, ով տեսել է պատերազմը և ձեզանից լավ գիտի՝ ինչ բան է թուրքը: Դուք ի՞նչ եք ուզում՝ արդյո՞ւնք, թե՞ հոխորտանք», – ասել է Բագրատյանը:

Օրինագծի համահեղինակ, ՀՀԿ֊ական Արտակ Զաքարյանն ասել է, որ պահանջատիրական նկռտումներ ունեցողներ չկան, իսկ նախագծի նպատակը ճանաչել տալն ու դատապարտելն է:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագծում, մասնավորապես, վկայակոչվում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը», որի կետերից մեկի համաձայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը մշակում է «իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: