հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վրաստանի խորհրդարանում լարված վիճակ էր․ պատճառը՝ Հայոց ցեղասպանության թեման

Վրաստանի խորհրդարանում լարված վիճակ էր․ պատճառը՝ Հայոց ցեղասպանության թեման

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը նախօրեին՝ ապրիլի 15֊ին, գործընկերներին կոչ է արել իրավական գնահատական տալ 20֊րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններին ու ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։ Նախաձեռնությունը վրաստանցի պատգամավորների շրջանում արժանացել է բուռն արձագանքի։

Ապրիլի 15֊ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում փոթորկի նշաններ չկային, գրում է «Էխո Կավկազա»֊ի թղթակից Զվիադ Մչեդլիշվիլին։ Պատգամավորները մտադիր էին քննարկել ազատազրկման վերաբերյալ օրենքում մի շարք փոփոխություններ․ բուռն բանավեճեր չէին ակնկալվում։

Մինչ օրենսդիրները կանցնեին բուն հարցի քննարկմանը, խոսք վերցրեց ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը։ Առավելապես հայերով բնակեցված Ախալքալաքից պատգամավորը նախ հայտարարեց, որ «պատմական իրադարձություններին պետք է ճիշտ ու արդար գնահատական տալ» ու հույս հայտնեց՝ «Հայաստանն ու Թուրքիան ընդհանուր լեզու կգտնեն»։ Արդեն այդ պահին վրաստանցի պատգամավորները տեսանելիորեն լարվեցին։ Խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, ով մինչ այդ անհաղորդ իր առջև դրված թղթերով էր զբաղված, ելույթ ունեցողի ուղղությամբ շտապ հայացք նետեց։ «Ազգային շարժման» պատգամավորը, մինչդեռ, շարունակում էր․

«100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը մինչ օրս հայ ազգի մեծագույն տրավման է։ Հայող ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև՝ Եվրոպայի մի շարք առաջադեմ երկրների։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխել նման իրադարձությունների կրկնությունն ապագայում։ Բոլոր ժողովրդավարական երկրներին կոչ եմ անում իրավական գնահատական տալ այդ պատմական փաստին, ճանաչել այդ իրադարձությունները»,֊ հայտարարել է Պետրոսյանը։

Մի քանի անգամ նրա ելույթը փորձել են ընդհատել։ Հետագայում պարզվել է, որ դժգոհություն հայտնողը Պետրոսյանի կուսակից, ծագումով ադրբեջանցի Ազեր Սուլեյմանովն էր, ով 20֊րդ դարի պատմական իրադարձություններն անվանեց «հորինված ցեղասպանություն»։

«Դա քաղաքացիական դիմակայություն էր, քաղաքացիական պատերազմ։ Թուրքիայում բոլոր արխիվները բաց են, ու յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ այդ պատերազմում ավելի մեծ թվով թուրքեր են զոհվել, քան՝ հայեր։ Եթե խոսում ենք 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին, ապա եկեք հիշենք նաև ադրբեջանցիների ցեղասպանությունը․ 1918 թվականին դաշնակներն ու Կարմիր բանակը Ադրբեջանում սպանեցին շուրջ 100 հազար մարդ։ Լավ եմ հիշում նաև Ղարաբաղում 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Բայց ցանկանում եմ ձեզ այլ բան հիշեցնել՝ մենք բոլորս մի երկրի զավակներ ենք, ու այս ամենի փոխարեն պետք է խոսենք մեզնից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թշնամու մասին։ Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ տեղի ունեցածը Վրաստանի խորհրդարանի քննարկման թեման չէ»,֊ ասել է Սուլեյմանովը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Մահիր Դարզիևը համաձայնեց «Ազգային շարժման» պատգամավոր Սուլեյմանովի հետ՝ հայտարարելով, որ «Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կբարդացնի հարաբերությունները ռազմավարական գործընկեր ու ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիայի հետ»։

«Ազգային շարժման» մեկ այլ պատգամավոր Նուգզար Զիկլաուրին փորձեց հանգստացնել կուսակիցներին ու մեղմել իրավիճակը․ «Հայ ու ադրբեջանցի ժողովուրդների ապրած ցավը բոլորիս համար շատ մեծ նշանակություն ունի։ Վրաստանի խորհրդարանի յուրաքանչյուր անդամ ու, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ կիսում է այդ ողբերգությունը մեր եղբայրների հետ։ Վրաստանին հաջողվել է հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության յուրօրինակ մոդել ստեղծել։ Հետևաբար, կոչ եմ անում բոլոր պատգամավորներին, անկախ քաղաքական պատկանելությունից, հետագայում զերծ մնալ այդ թեմայի քննարկումներից խորհրդարանի ներսում»։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի խորհրդարանում առաջին անգամը չէր բարձրացվում։ Դրա ճանաչման անհրաժեշտության մասին դեռևս 2012 թվականին խոսել էր ընդդիմադիր «Քարթուլի դասի» կուսակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիան։ Պատգամավորի ելույթը վերաճել էր քաշքշուկի՝ Ազեր Սուլեյմանովի մասնակցությամբ։ Այն ժամանակ Սուլեյմանովը գործի էր դրել բռունցքներն ու ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ նետել վազելինով տարա։

Երեկ գործը ֆիզիկական բռնության չհասավ։ Խորհրդարանի խոսնակը պարզ հասկացրեց, որ Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Բացառված չէ, սակայն, որ ապագայում խորհրդարանականները կքննարկեն մեծամասնական պատգամավոր Գուբազ Սանիկաձեի նախաձեռնությունը, ով կառավարությանն առաջարկել է միանալ սիրիացի ու իրաքցի քրիստոնյաներին օգնություն ցուցաբերող մարդասիրական առաքելությանը։ Սանիկաձեի խոսքով՝ դա Վրաստանի պարտքն է, քանի որ վրացական քրիստոնեությունը ծագել է հին Սիրիայում՝ Անտիոքում։