ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին չեն հուզում «անիմաստ խոսակցությունները»՝ կապված Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ իր հանդիպման հետ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Երևանում իր և Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հանդիպումը:
«Ես չեմ պաշտպանում նրանց, ովքեր փորձում են պիտակավորել, կամ նրանց, ովքեր փորձում են հակառակն անել՝ գովաբանել: Անիմաստ խոսակցություններն՝ իրենց հետևանքներով, ինձ չեն հուզում», – հայտարարել է Սահակյանը՝ նշելով, որ քաղաքական նպատակներով կարելի է հարվածել և իրեն, և ինչ-որ կերպ այդ փաստն օգտագործել Վրաստանում:
Մեկնաբանելով իրենց հանդիպման լուսանկարների հրապարակման փաստը՝ Սահակյանն ասել է․ «Մենք լուսանկարվել ենք, որովհետև ես նրա հետ չեմ հանդիպել գաղտնի տեղերում, ինչպես ձեզ կարող է ցանկալի լիներ»:
Վրաստանի իշխանությունները կտրուկ էին արձագանքել Սահակյանի ու Բիբիլովի «ոչ պաշտոնական հանդիպմանը»։ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հրավիրվել էր ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զանգահարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլուն ու արձանագրել հանդիպման մասնավոր բնույթը և հանդիպման ընթացքում քաղաքական դիրքորոշումների շուրջ քննարկումների բացակայության փաստը: ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը: