ՀՀ կառավարությունը նոր կարգ է սահմանելու օտարերկյա աշխատողների համար Հայաստանում աշխատանքային թույլտվություն ստանալը պարտադիր դարձնելու մասին։ Այս մասին նշված է «Օտարերկրացիների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքոներում փոփոխություն կատարելու նախագծերում:
Օրինագծերի փաթեթն այսօր ԱԺ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը։
«Նախագծերով փորձ է արվել հստակեցնել օտարերկյացիների աշխատանքային թույլտվության հետ կապված խնդիրները։ Մենք նախատեսում ենք հստակեցնել, որ գործատուն ինքն է դիմում պետական կառավարման լիազոր մարմնին աշխատանքի թույլտվություն ստանալու համար և մուծում բազային տուրքի 25֊ապատիկի չափով», ֊ ասել է Պետրոսյանը։ Պաշտոնյան ասել է, որ համաձայն վերջին վիճակագրական տվյալների Հայաստանում աշխատում է 70.000 օտարերկյա քաղաքացի։ ՕԵԿ֊ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշել է, որ այդ վիճակագրությունը արժանահավատ չէ։
Օրինագծերի փաթեթը քննադատել է Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ Հայաստանից առանց այն էլ աշխատողները հեռանում են և Կառավարությունը ոչ թե նոր տուրքեր պետք է սահմանի, այլ հակառակը, նպաստավոր պայմաններ ստեղծի, որ մարդիկ գան, աշխատեն։
«Հիմա մենք ի՞նչ նպատակ ենք հետապնդում։ Հայաստանը էսօր դարձել է Բրիտանիա՞, թե՞ Գերմանիա, որտեղ պետք է աշխատանքի իրավունք ստանաս։ Թե՞ մենք դեֆիցիտային աշխատաշուկա ունեցող երկիր ենք․ մեր մոտից գնում են, մենք ուզում ենք գան, աշխատեն։ Ինչի՞ ենք մենք տուրք սահմանում»,֊ հարց է բարձրացրել Բագրատյանը։
Պետրոսյանը պատասխանել է, թե գաղտնիք չէ, որ Հայաստանում բարձր մակարդակի է հասել գործազրկությունը՝ 17 տոկոս, որի 24 տոկոսը երիտասարդներ են։
«Մենք փորձում ենք ժամանակավոր կարգավորումներ մտցնել։ Համաձայն նախագծի՝ կա հետևյալ պայմանը․ գործատուն 1 ամիս ժամանակ է ունենում իր թափուր աշխատատեղը տեղացի կադրերով համալրելու։ Եվ հետո է դիմում օտարերկյա աշխատուժի ներգրավմանը», ֊ ասել է փոխնախարարը։