2013 թվականի մայիսի 19-ին Վանաձորի բժշկական կենտրոնում ծննդաբերությունից հետո կոմայի մեջ ընկած Լիլիթ Նալբանդյանի ամուսին Արտակ Բարսեղյանը դիմում է Վարչական դատարան։ Ինչպես Epress.am֊ին հայտնել է Բարսեղյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը, ամուսինը պահանջում է վերականգնել կոմայի մեջ գտնվող իր կնոջ իրավունքները դատարաններում ներկայացնելու իրավունքը, որը խախտվել է իրենց գյուղի՝ Շիրակամուտի համայնքապետի կողմից։ Գյուղապետը վերացրել է Բարսեղյանին կնոջ խնամակալ ճանաչելու մասին որոշումը։ Արայիկ Պապիկյանի խոսքով՝ այս վարչական գործը շատ կարևոր է, քանի որ իրավական առումով փաստացի տուժող Լիլիթ Նալբանդյանը բուժաշխատողների կողմից պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու փաստով քրեական գործում մնացել է առանց ներկայացուցչի։
«Քրեական գործը մերժվել է, սակայն մենք չենք կարող Վերաքննիչ դատարան բողոքարկել, քանի որ Արտակ Բարսեղյանը, փաստորեն, տուժողի ներկայացուցիչ չէ»,֊ ասել է Արայիկ Պապիկյանը։
«Այնպիսի տպավորություն է, որ բոլորը քնում-արթնանում են մի նպատակով՝ Լիլիթին, ինձ ու մեր երեխային վատություն անեն: Լիլիթի նկատմամբ ճանաչվել եմ խնամակալ։ Երբ սկսվեց քաղաքացիական գործը, Լոռու մարզպետը, բժշկի փաստաբանը, մարզպետարանի մի քանի աշխատողներ Շիրակամուտի գյուղապետին ստիպեցին՝ խնամակալի որոշումը վերացնի, նա էլ վախից վերացրեց իր որոշումը: Հետո կրկին խնամակալ ճանաչեցին, նորից Լոռու մարզպետը ստիպեց, որ գյուղապետը վերացնի որոշումն այն նպատակով, որ եթե չլինեմ խնամակալ, ապա չեմ կարող Լիլիթի շահերը դատարանում ներկայացնել, իսկ կինս էլ կոմայի մեջ է և, բնականաբար, չի կարող դատարան գալ: Հիմա նորից պայքարում եմ խնամակալ ճանաչվելու համար: Մարզպետարանում ինձ ասում են, որ չեն կարող թույլ տալ, որ հիվանդանոցից գումար բռնագանձվի: Գիտեմ նաև, որ Առողջապահության նախարարությունից էլ են ճնշումներ գործադրում: Երկար ժամանակ չէի ցանկանում մամուլով խոսել կնոջս գործի մասին՝ հուսալով, որ քննիչը, դատախազը, դատարանը, հիվանդանոցը, մարզպետը կամ մյուս դերակատարները հաշվի կառնեն այդ հանգամանքը ու համապատասխան վերաբերմունք կցուցաբերեն: Բայց հիմա զգում եմ, որ նրանց կամ փողն է հետաքրքրում, կամ իրենց պաշտոնը», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է Արտակ Բարսեղյանը:
Բացի մերժված քրեական գործից և խնամակալի իրավունքները վերականգնել պահանջող վարչական գործից, կա նաև քաղաքացիական հայց, որը գտնվում է Վճռաբեկ դատարանում։
Այս գործով հայցը Նալբանդյանի կողմը առաջին երկու ատյաններում շահել է: