«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 14֊ից նստացույց են սկսելու Կառավարության շենքի դիմաց՝ իրենց աշխատավարձները վճարելու պահանջով։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ նստացույցը նախնական պայմանավորածությամբ կտևի 3 օր, հետագայում նաիրիտցիները քայլերը կվերանայեն՝ համապատասխան Կառավարության արձագանքի։
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են Կառավարությունից պարտքի մարման ժամանակացույց ներկայացնել, ինչպես նաև կատարել իրենց 9 կետանոց պահանջը։ Այդ պահանջների թվում են՝ «Նաիրիտ»֊ի ազատված աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների՝ բանկերից վերցված վարկերի վճարների սառեցում՝ մինչև աշխատավարձի պարտքի ամբողջական մարումը (18-24 ամսվա պարտք), գործարանի ազատված աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարման հետաձգումը, աշխատակիցների կոմունալ ծախսերի վճարումների հետաձգումը, հիվանդության դեպքում «Նաիրիտ»֊ի նախկին և ներկա աշխատակիցների անհրաժեշտ վիրահատությունների պետպատվերով ապահովումը, թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկը՝ վերջին 2 տարիների կտրվածքով։