էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հայաստանից կախված չէ, իսկ թանկացման պատճառներից մեկն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում վատ կառավարումն է ու գողությունը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտին, որով ռուսական ընկերությունը առաջարկում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 17 դրամով:
Զախարյանը նշել է, որ սակագների վերանայման առաջարկները հիմնավոր են, սակայն հետո ավելացրել է․ «Ես չեմ ուզում թեթևացնել ընդհանուր իրավիճակը, հեռու եմ դրանից: Գիտակցում եմ ստեղծված տնտեսական վիճակը Հայաստանի Հանրապետությունում, և որ դա լուրջ սոցիալական խնդիր է, բայց նորից եմ ուզում նշել, որ սակագների բարձրացումը Հայաստանի Հանրապետությունից կախված չէ: Հայաստանը տարանցիկ երկիր չէ ո՛չ գազի, ո՛չ նավթի, սեփական էներգառեսուրսներ չունի: Դուք ուզում եք սակագներով համեմատվել Ռուսաստանի հե՞տ»:
Երվանդ Զախարյանը նաև տեղեկացրել է՝ միայն վերջին երեք տարիներին ՀԷՑ-ը 37.6 միլիարդ դրամի վնաս է ունեցել՝ չհաշված ընկերության վարկերը, որոնց մասին այսօր նախարարը ոչինչ չի ասել: Նրա տեղակալ Իոսիֆ Իսայանը ամիսներ առաջ հայտարարել էր՝ Հայաստանի կառավարության երաշխավորությամբ ՀԷՑ-ը վերցրել է մոտ 220 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, ինչը նշանակում է, որ եթե ընկերությունը չկարողանա այն մարել, դա անելու է Հայաստանի Հանրապետությունը:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԷՑ-ի վնասներն առաջացել են 2012-2014թթ․ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների հետևանքով, նաև այն պատճառով, որ ԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի ու ջրի սակավությամբ պայմանավորված՝ ՀԷՑ-ը ստիպված է եղել ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից:
«Եվ այստեղ կարևոր դեր խաղաց նաև ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը», – ասել է նախարարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում