Home / Տեսանյութեր / Անջատեք խոսափողը. ԱԺ նախագահը թույլ չէր տալիս շոշափել էլէներգիայի գնի հարցը

Անջատեք խոսափողը. ԱԺ նախագահը թույլ չէր տալիս շոշափել էլէներգիայի գնի հարցը

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին պատգամավորները բարձրացրել են էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, թե հարցը օրակարգում ընդգրկված չէ, և մի քանի անգամ ընդհատել է պատգամավորներին՝ անջատելով նրանց խոսափողները: Վերջիններից մի քանիսը, այնուամենայնիվ, հասցրել են կարծիք հայտնել հարցի շուրջ։

Մասնավորապես, Հրանտ Բագրատյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը «կատաստրոֆա» է և բերելու է մինչև 15 տոկոս տնտեսական անկման: 

«Մենք կարիք չունեք Ռոբերտ Նազարյանին (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ֊խմբ․) բերել այստեղ, նա ոչինչ չի կարող ասել»,- նշել է  Բագրատյանը: 

Համեմատելով՝ Բագրատյանն ասել է, որ Ուկրաինայում էլէներգիայի սակագինը 12 դրամ է, Ռուսաստանում՝ 20, իսկ Հայաստանում ՀէՑ-ը՝ սակագինը մինչև 58 դրամ բարձրացնելու հայտ է ներկայացրել: 

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սակագնի հարցը չի կարելի քննարկել պոստֆակտում։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ֊ն չպետք է սպասողական դիրք ընդունի, քանի որ իրենց ընտրած մարդիկ ուղիղ պահանջ ունեն, որպեսզի նման կարևորության խնդիրը քննարկվի Աժ֊ում։ Բացի դրանից, ըստ Փաշինյանի, պարտադիր պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է ՀԷՑ֊ը կուտակել մոտ 300 միլիոն դոլարի պարտքը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես ասել է, որ Էլելկտրաէներգիայի սակագնի հարցը  չի կարող չլինել օրակարգում: Նա հիշեցրել է, որ խմբակցություննները ստորագրավաք են նախաձեռնել հարցը արտահերթ կարգով քննարկելու համար: Այդ պահին Գալուստ Սահակյանն անջատել է Զուրաբյանի, ապա նաև նույն հարցը բարձրացրած «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի և ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի բարձրախոսները: 

Դահլիճում աղմուկ է սկսվել, և Սահակյանը հայտարարել է․ «Մտքերի փոխանակությունն ավարտված է»: 

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է խոսափողները անջատելը՝ առաջարկելով միանգամից հանել դրանք:

«Մի առիթով ես ասել եմ՝ խոսափողները մեզ խանգարում են: Հիմա էլ հեռուստատեսություններն են մեզ խանգարում: [Ընդդիմադիրները] սկսում են կուրծք ծեծել, որ իրենք ժողովրդի մասին ավելի շատ են մտածում», – իր հերթին, հայտարարել է Գալուստ Սահակյանը։
 
Հեղինե Բիշարյանի միջնորդությամբ՝ ԱԺ-ում կրքերը հանգստացնելու համար 10 րոպե ընդմիջում է հայտարարվել: