Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով ՀՀ հանրային ծառայություննեը կարգավորող հանձնաժողով դիմել է ոչ միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Մայիսի 8-ին իրենց հայտերը հանձնաժողով են ներկայացրել գրեթե բոլոր խոշոր էնէրգաարտադրողները և նաև «Բարձրավոլտ ցանցեր» ընկերությունը։ Վերջինս առաջարկում է իր ցանցով մեկ կիլովատ ժամ էներգիա տեղափոխման սակագինը սահմանել 2․038 դրամ ներկայումս գործող 1․364 դրամի փոխարեն։ Փաստորեն՝ ԲՑ-ն առաջարկում է իր ծառայությունների գինը բարձրացնել 49․3 տոկոսով։ Եթե հանձնաժողովը համաձայնի առաջարկին, ապա ավելացվող գումարը կարող է ներառվել Էլէներգիայի սակագնի մեջ։
Հոդվածագիր Հայկ Գևորգյանը նշում է, որ ԲՑ֊ի ներկայացրած հայտում կան բավական տարօրինակ փաստեր։
«Առաջինը, որ աչք է ծակում, Իրան֊Հայաստան գազամուղի հետ կապված մի տարօրինակ պատմությունն է։ Հայտում ԲՑ֊ն նշել է, որ Իրան֊Հայաստան գազամուղի շինարարության վրա ծախսել է 16 միլիարդ 326 մլն դրամ։ Այդ գումարից 9․1 միլիարդ դրամը ԲՑ-ն կանխավճարի տեսքով ստացել է «Հայռուսգազարդից» (ներկայումս «Գազպրոմ Արմենիա»), իսկ մնացած մոտ 7․2 միլիարդ դրամը, փաստորեն, մնացել է օդից կախված։ Ի՞նչ է ստացվում։ Իրան֊Հայաստան գազամուղի շինարարության ավարտից կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ «Հայռուսգազարդը» մոտ 40 միլիոն դոլարով գնել է այդ գազամուղի՝ Հայաստանով անցնող հատվածն ամբողջությամբ և համարվում է դրա սեփականատերը։ Իրականում, սակայն, վճարել է գումարի մի մասը միայն՝ 9․1 միլիարդը կամ մոտ 60 տոկոսը։ 7․2 միլիարդ դրամը մնացել է ԲՑ-ի «վզին»։ Հիմա ԲՑ-ն առաջարկում է իր ծառայությունների սակագինը բարձրացնելու միջոցով փակել այդ գումարը։ Ստացվում է, որ սպառողները պետք է վճարեն «Հայռուսգազարդի» ունեցած պարտքը ԲՑ֊ին։ Սա, իհարկե, ենթադրություն է, և առայժմ հայտնի չէ, թե Իրան-Հայաստան գազամուղը ինչ պայմաններով է տրվել «Հայռուսգազարդին»։ Գուցե, «Հայռուսգազարդը» ոչ թե գազամուղի միակ սեփականատերն է, այլ միայն մասնաբաժի՞ն ունի։ Գազամուղը ձեռք բերելու պայմանագիրը մինչ օրս չի հրապարակվել, և դժվար է վերջնական պնդումներ անել։ Սակայն, ԲՑ֊ի ներկայացրած հայտում «Հայռուսգազարդի» վճարած 9․1 մլրդ դրամի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված է «կանխավճար» եզրույթը և ոչ թե, ասենք, «փայամասի դիմաց վճար»։ Ինչից կարելի է հանգել եզրակացության, որ ԲՑ-ն հետագայում պետք է ստանար մնացած գումարը «Հայռուսգազարդից», սակայն չի ստացել և հիմա այդ ճեղքվածքը փակելու համար առաջարկում է բարձրացնել իր ծառայությունների սակագինը», ֊ նշում է Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում