Home / Հայաստան / ՀՀ֊ում հանրաքվեները թերագնահատվում են, անմիջական ժողովրդավարությունը բացակայում է․ Զեյնալյան

ՀՀ֊ում հանրաքվեները թերագնահատվում են, անմիջական ժողովրդավարությունը բացակայում է․ Զեյնալյան

Ընտրությունները և հանրաքվեն ավելի առաջնային են, քան միջնորդավորված ձևով պետական կառավարումը, և դրանք ավելի բարձր ուժ պետք է ունենան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ քննադատելով Հայաստանում հանրաքվեներին տրվող ցածր նշանակությունը: Մասնավորապես, համայնքային հանրաքվեների արդյունքները չունեն օրենքի ուժ, այլ միայն խորհրդատվական նշանակություն Ազգային ժողովի համար:

«Հանրաքվեներ ավելի հաճախ պետք է անցկացվեն: Օրենսդիր իշխանությամբ, առաջին հերթին, օժտված է ժողովուրդը, հետո միայն միջնորդավորված՝ ԱԺ-ն։ Անմիջական ժողովրդավարությունը բացակայում է: Պետք է զարգացնել հանրաքվեի ինստիտուտը, որպեսզի այն համապատասխանի «Հայաստանը իրավական, սոցիալական պետություն է» և «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» պոստուլատներին», – ասել է Զեյնալյանը:

Այս շաբաթ ԱԺ-ում ՀՅԴ կուսակցությունը առաջարկել է բարձրացնել հարնաքվեների դերը և այն համապատասխանեցնել ընտրություններին, որոնք այժմ ավելի են կարևորվում. դրանց վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, ավելի շատ դիտորդներ են հսկում ընթացքը, բայց դա, ընտրություններն ավելի շատ են լուսաբանվում:

Զեյնալյանը համաձայն է այն մտքի հետ, որ ընտրությունները և հանրաքվեները հավասար կարևոր են, ու, իրավապաշտպանի խոսքով, դրանք չի կարելի հակադրել իրար:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Հայաստանի երեք մարզերում համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, որը առնվազն երկու մարզերում ձախողվեց՝ չափազանց ցածր մասնակցության պատճառով։ Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ իշխանությունները մինչև հանրաքվեի անցկացումն արդեն հայտարարել էին, որ «ոչ» պատասխանի դեպքում այն կարող է հաշվի չառնվել։