Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»֊ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը թանկարժեք մեքենաներ է վարձակալում մի ընկերությունից, որի տվյալներում գոյություն չունեցող հասցե և բանկ է նշված, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակեց ՀԷՑ֊ի` սպառողին մատակարարվող էլէներգիայի թանկացման հայտը, պարզ դարձավ, թե ընկերությունն ինչպես է գումարները փոշիացնում։ Դեպքերից մեկն էլ թանկարժեք մեքենաների աստղաբաշխական գներով վարձակալությունն էր «Էկթրաք սերվիս» ՍՊԸ֊ից, որի հետ պայմանագիրը ՀԷՑ֊ը կնքել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին։ «Էկթրաք սերվիսի» կողմից պայմանագիրը կնքել է ընկերության տնօրեն Գեղամ Կարապետյանը։ Ըստ պայմանագրի՝ ընկերության հասցեն նշված է Բագրատունյաց 54, իսկ բանկը՝ «Հայիմպեկսբանկ» ՓԲԸ։
Թերթի թղթակից Վահագն Հովակիմյանը նշում է, որ նշված հասցեն գտնելու փորձերն ապարդյուն են անցել։ Պայմանագրում նշված բանկը ևս գոյություն չունի, նման անունով բանկ նշված չէ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած բանկերի ցանկում։ Ինչպես նշում է հոդվածագիրը, համացանցում որոնումներն էլ ապարդյուն են եղել, նման բանկի մասին հիշատակում չկա անգամ «Գուգլում»։
Բացի դա, ըստ construction.am կայքի, «Էկթրաք սերվիս» ընկերության գործունեության ոլորտներն են՝ արտաքին էլեկտրամոնտաժային աշխատանքներ, էներգետիկ կառույցների շինարարություն, ինչպես նաև հաղորդալարերի, մալուխների, էլեկտրասարքավորումների ներմուծում։
«Այսինքն՝ ստացվում է, որ ավտոմեքենաներ վարձով տալը «Էկթրաք սերվիս» ՍՊԸ֊ի գործունեության հիմնական ոլորտը չէ, ավելին՝ կարելի է ասել, որ այս ընկերության համար այն հոբբի է, որի միջոցով մեկ պայմանգրով 259 միլիոն դրամ գումար է վաստակում», ֊ նշում է Հովակիմյանը։
Հոդվածագիրը նաև նշում է, որ, իր տեղեկություններով, այդ ընկերության տնօրեն Գեղամ Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանի բաջանաղն է։ Լրագրողը զանգահարել է Կարապետյանին, նրան պատասխանած անձն ասել է, որ վերջինիս վարորդն է, Կարապետյանը քաղաքում չէ, իսկ ինքը տեղեկություն չունի նրա բարեկամական կապերի մասին։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում