Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է մինչև տարվա վերջ փակել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը, սակայն շաբաթը երկու բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիները համաձայն չեն այդ պայմանին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին մամուլի խոսնակ, նաիրիտցիներին համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։
«Վստահություն ներշնչող կառավարության պարագայում մենք կտրուկ պետք է ընդհատեինք մեր բողոքի ակցիաները, գնայինք, նստայինք տանն ու սպասեինք, որ մեր աշխատավարձը կփակվի։ Բայց եկեք չմոռանանք, որ 2014 թվականին էլ խոստացել էին մինչև տարեվերջ աշխատավարձերի պարտքը մարել, և ընդամենը 20 օր հետո մեզ հայտարարվել է, որ չեն էլ պատրաստվում որևէ բան փակել», ֊ նշել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ իրենց բողոքի ակցիաների արդյունքում են կառավարության անդամները հետագայում ասել, որ աշխատավարձերը պետք է վճարվեն։
Հարությունյանը նշել է, որ մինչ օրս «Նաիրիտում» շարունակում է աշխատել 480 մարդ (այդ աշխատողները հետևում են թունավոր նյութերին, տեխնիկական աշխատանքներ են իրականացնում, գործարանը արտադրանք չի տալիս ֊ խմբ․), սակայն նրանց աշխատավարձը 2 ամիսը մեկ անգամ են վճարում։ Համակարգող խմբի ներկայացուցիչն ասել է, որ վերջին օրերին աշխատողները բողոքել են, և նրանց խոստացել են վճարել գալիք օրերին․ «Այսինքն, նրանց պարտքը նորից ավելանում է։ Էնպես են խառնել իրավիճակը, գունդուկծիկ սարքել, որ երևի դա դարձել է գորդյան հանգույց, որը պետք է մի հարվածով կտրել»։
Աշխատավարձերի պարտքի մարումը նաիրիտցիների առաջնային պահանջն է, սակայն նրանք կարևորում են նաև գործարանի վերագործարկումը։ Չնայած ակցիաների ընթացքում եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ պարտքի մարումը իրենց միակ պահանջն է, Հարությունյանը նշել է, թե վերագործարկմանը կողմ են բոլորը։
«Պարզապես էստեղ մի փոքր նյուանս կա։ Մարդկանցից շատերին թվում է, որ եթե գործարկման խնդիրն առաջնային դարձնենք, աշխատավարձի վճարման հարցը երկրորդ պլան կմղվի, և վերագործարկումից հետո միայն կսկսեն գումարներ տալ։ Իհարկե, դա այդպես չէ։ Եթե հարցը էդպես դրվի, կոնկրետ ես էլ կասեմ՝ նախ իմ աշխատավարձը տվեք։ Բայց եթե մենք որպես քաղաքացի փոքր֊ինչ մեր երկրի մասին մտածում ենք, ուրեմն «Նաիրիտը» պետք է աշխատի, այն մեր տնտեսության հիմքն է, համակարգաստեղծ կառույց է», ֊ ասել է Հարությունյանը։
Մեր զրուցակիցն ընդգծել է նաև, որ չվերագործարկելու և ձեռնարկությունը լուծարելու դեպքում, իրենց կարող են վճարել միայն միջինը 6 ամսվա աշխատավարձ, մինչդեռ աշխատավարձի պարտքը միջինը 18 ամսվա է։
Գործարանի նախկին մամուլի խոսնակը տեղյակ է, որ «Նաիրիտի» ներկայիս ղեկավարությունը ցանկանում է վաճառել գործարանի գույքը, խողովակաշարը, հոսքագծերը։ Այնուամենայնիվ, նաիրիտցիները շարունակելու են իրենց պայքարը, և հստակ պատասխաններ չստանալու դեպքում իրենց ակցիաները «չեն մնա երեքշաբթի և հինգշաբթի հավաքվելու» շրջանակում։ Բողոքողները ակնկալում են, որ վարչապետը և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը կընդունեն իրենց, և այդ հանդիպման ընթացքում կդրվի թե՛ աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույց տրամադրելու, թե՛ գործարանի վերագործարկման հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում