Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցը, որով պահանջվում էր վարչական պատասխանատվության ենթարկել 2014 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ իրականացվող բողոքի երթի մասնակից, քաղաքացի Լաուրա Գևորգյանին։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Գևորգյանի իրավունքների պաշտպանությամբ զվաղվող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ֊ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը պահանջում էր Գևորգյանին տուգանել 50 000 դրամի չափով այն հիմքով, որ վերջինս, մասնակցելով երթին, դուրս է եկել Նալբանդյան փողոցի երթևեկելի մաս՝ խոչընդոտելով հավաքի բնականոն ընթացքը։ Դատարանը՝ Արման Դիլանյանի նախագահությամբ, Գևորգյանին բերման ենթարկելու այս պատճառաբանությունը օրինական չի համարել՝ նշելով, որ բողոքի ակցիան ընթացել է փողոցով, և Լաուրա Գևորգյանի՝ փողոցի երթևեկելի գոտի դուրս գալը չէր կարող խոչընդոտել հավաքի բնականոն ընթացքին։
Հասմիկ Պետրոսյանի խոսքով` դատարանի որոշումը կարևոր նշանակություն կարող է ունենալ երթի ընթացքում բերման ենթարկված այլ քաղաքացիների դեմ նույն հիմքով և նույն առարկայով վարչական դատարան ներկայացված հայցադիմումների քննության ընթացքում: Դատարանն իր որոշման մեջ հղում է կատարել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում արտահայտած դիրքորոշմանը, որում մասնավորապես ասվում է. «Դատարանն այնուհետև հիշեցնում է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնչափ կարևոր է, որ անձը չի կարող ենթարկվել կարգապահական տույժերի համակարգում նույնիսկ ամենաստորին աստիճանի վրա գտնվող սանկցիայի, այնպիսի հանրահավաքի մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ դեպքում անձը չի կատարել ինքնին դատապարտման ենթակա արարք: Ավելին, հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթևեկության խաթարումաը, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից»։
Հասմիկ Պետրոսյանի խոսքով՝ գործով դատաքննության ընթացքում որպես վկա է հարցաքննվել ոստիկան Արսեն Սարգսյանը:
«Սարգսյանը դատարանում հայտարարել է, որ ինքն է բերման ենթարկել Լաուրա Գևորգյանին, սակայն դատարանում ուսումնասիրվել են դեպքը արձանագրած տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, որ Սարգսյանը Լաուրա Գևորգյանին բերման ենթարկելիս ներկա չի եղել։ Դատարանը նույնպես իր որոշմամբ արձանագրել է, որ վկայի ցուցմունքը հակասել է տեսանյությում պատկերվածին»,֊ ասել է իրավաբանը։
Ոստիկանի տված ակնհայտ սուտ ցուցմունքի առթիվ նախապատրաստվում է հանցագործության մասին հաղորդում: