Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները բացառիկ դարձան մի շարք կրոնական փոքրամասնությունների, առաջին հերթին՝ հայերի համար։ Ինչպես նշում է bianet.org֊ը 54 տարի անց խորհրդարանում (մեջլիս) ներկայացված կլինեն 3 հայազգի պատգամավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությունից խորհրդարան է անցել լրագրող Մարկար Եսայանը, ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցությունից (CHP) իրավաբան Սելինա Դողանը, իսկ ընդդիմադիր քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը խորհրդարան է գործուղելու Գարո Փայլանին (լուսանկարում)։
Bianet.org-ն ընդգծում է, որ ընտրությունները բացառիկ էին նաև Թուրքիայի գնչուական (ռոմա) համայնքի համար։ Առաջին անգամ երկրի պատմության ընթացքում գնչուական համայնքի ներկայացուցիչը՝ Օզքան Պուրչուն, պատգամավոր է դարձել։ Նա Ժողովուրդների հանրապետական կուսակցությունից է։
Առաջին անգամ խորհրդարանում ներկայացված կլինեն նաև եզդիները։ Նրանք երկու պատգամավոր կունենան, երկուսն էլ քրդամետ HDP-ից՝ Ֆելեքնաս Ուչան և Ալի Աթալանը։
Նույն կուսակցությունից Մեհմեթ Ալի Ասլանը դարձել է Թուրքիայի խորհրդարանի առաջին մհալամի (արաբական ծագում ունեցող մհալամիները բնակվում են Մարդին նահանգում) պատգամավորը, իսկ ասորի Էրոլ Դորան արդեն երկրորդ անգամ ներկայացված կլինի խորհրդարանում։