«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գաղտնի է պահում իր թոփ֊մենեջերների աշխատավարձերը։ Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
ՀԿ֊ն նշում է, որ ՀԷՑ֊ից իրենց ուղարկած գրությունից պարզ է դարձել, որ ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի են պահվում ոչ միայն կազմակերպությունից, այլև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ):
«Իրազեկ քաղաքացիների միավարումը» հիշեցնում է, որ ՀԷՑ֊ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել ՀԾԿՀ` պնդելով, որ ներկա սակագնի պայմաններում չի կարողանում հոգալ իր՝ հոսանքի բաշխման հետ կապված ծախսերը։
«Այսինքն՝ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին պետք է քննարկի ՀԷՑ-ի ծախսերը (այդ թվում՝ աշխատավարձային)՝ առանց իմանալու, թե որքան է կազմում ՀԷՑ-ի պաշտոնյաների աշխատավարձերը: Այլ կերպ ասած, ստացվում է մի իրավիճակ, երբ Հանձնաժողովը պետք է կուրորեն ՀԷՑ-ի աշխատավարձային ծախսերը համարի հիմնավոր, կամ անհիմն:
Ստացվում է, որ ՀԷՑ-ի թոփ-մենեջերները կարող են քաղաքացիների վճարած վարձերի հաշվին ամսական ստանալ, ասենք, հարյուր միլիոն դրամ աշխատավարձ, որի համար կբարձրացվի էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն քաղաքացիներից ու ՀԾԿՀ-ից դա գաղտնի կպահվի», ֊ նշում է ՀԿ֊ն: