Խորտակվողների գործը
Վադիմ Դուբնովի հոդվածը՝ հրապարակված «Էխո Կավկազա» կայքում
֊ Երկրում տարածված բանավեճի թեման երբեմն երկրի մասին ավելի շատ բան է ասում, քան որևէ ճանապարհորդական նոթեր, անգամ՝ քաղաքական։ Հայաստանում կրքերի նման բորբոքում, ինչպիսին տիրում է պատրաստվող իբրև վաճառի վերաբերյալ, չէր գրանցվել անգամ Carrefour սուպերմարկետի՝ երկիր ժամանելու ճակատագրական պահին։ Էլ չենք խոսում այն ժամանակների մասին, երբ էներգետիկան, տրանսպորտային ենթակառուցվածքներն ու գազատարերը մի ամբողջ ազգային տնտեսական համակարգի տեսքով փոխանցվում էին ռազմավարական ռուսաստանցի գործընկերոջը։
Այնուհանդերձ, այս անգամ ամեն ինչ հակառակն է։ Հայաստանը Ռուսաստանին չի տալիս իր արդյունաբերության հերթական մարգարիտը, Ռուսաստանն է փորձում է ազատվել դրանից։ «Ինտեռ ՌԱՕ»֊ն, որը ժամանակին ձեռք բերեց հայաստանի էլեկտրական ցանցերը, այնպիսի կորուստներ է կրում, որ հայկական ծագումով ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի՝ դրանք ձեռբ բերելու որոշումը ռուսաստանյան ռազմավարական անկեղծության վերաբերյալ նոր կասկածներ է արթնացնում հայաստանցի թերահավատների շրջանում։
Լիովին հիմնավորված։ Իհարկե, տեսականորեն բիզնեսն ազգություն չունի, և ով էլ տիրի երկաթգծին, պետք է շահագրգռված լինի այդ բիզնեսի արդյունավետությամբ։ Միակ խնդիրն այն է, որ «Ռուսաստանյան երկաթգծերը» հայրենիքում նման արյունավետությամբ աչքի չեն ընկնում․ ինչո՞ւ պետք է սեփական ինքնությանը դավաճանեն Հայաստանում։
Լուսահոգի Կախա Բենդուկիձեն, պատասխանելով վրացական ազգային սեփականության պաշտպաններին, ասում էր, որ վաճառել կարելի է ամեն ինչ, բացի խղճից։ Այս սահմանափակման արդյունքում, թե ոչ, բայց Վրաստանն իր գազատարը «Գազպրոմին» այդպես էլ չտվեց։ Երևանը «Գազպրոմին» տվեց ոչ միայն իր խողովակը, այլև՝ «Գազպրոմ֊Արմենիայում» իր վերջին մասնաբաժինը։ Իսկապես, ի՞նչ տարբերություն։
Տարբերությունը սկզբունքային է, ինչպես ճնշման անկումը տարբեր տրամագծերի խողովակներում․ այն խողովակներում, որոնցով գազն Իրանից գալիս է Հայաստան, և այն, որ Հայաստանում օգտագործում է ինքը՝ «Գազպրոմը»։ Համառորեն պնդելով այդ անկումը՝ «Գազպրոմն» ապահովեց Հայաստան մատակարարումների իր մենաշնորհը՝ իրանականը սահմանափակելով խորհրդանշական ծավալով՝ միայն էլեկտրաէներգիայի վերամշակման համար։
Իսկ գները, որոնցով Հայաստանը գազ է գնում, ցածր են թվում միայն հայկական դուստր մինի֊գազպրոմին, որը երկրի ներսում գազն արդեն վաճառում է գրեթե եվրոպական գներով։ Իսկ իր երկաթուղին «Ռուսական երկաթգծերին» հանձնելու հաճույքի համար Հայաստանը Ռուսաստանին, կարելի է ասել, անգամ մի փոքր հավելավճար է տալիս։ Իսկ այժմ ցանցերը։ Ամբողջական ինքնաբացահայտման սեանս։ Տարօրինակ գնումով և «Ինտեռ ՌԱՕ»֊ի՝ պատասխանատվությունից անթերի խուսափումով։
Միայն մի հարց՝ ինչպե՞ս էր Մոսկվան կարողանում Հայաստանին համոզել համաձայնել այդ ամենին։ Միգուցե իսկապե՞ս վախեցնում էր ռազմական հավասարակշռության փոփոխությամբ։ Ինչպես 2013 թվականի սեպտեմբերին պաշտոնական Երևանը բացատրեց իր շեղումը Եվրոպայից Եվրասիա, աշխարհաքաղաքական մենության դրաման Երևանին ստիպում է գնալ հավերժական ինքնասահմանափակումների։ Այդպիսի՞ն են լինում ռազմավարական համագործակցությունն ու պատմական բարեկամությունը՝ կամ գազը մեր ասածով, կամ պատերազմեք առանց մեզ՝ մոռանալով ՀԱՊԿ֊ի մասին։
Իսկապես, ստացվում է, որ գազը «Գազպրոմի» ասածով է, իսկ Մոսկվան չի էլ պատրաստվում հրաժարվել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության վաղեմի ծրագրից․ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարվի։
Ու Երևանի վրդովմունքն Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ նույնքան կանխամտածված ու բեմադրված տեսք ունի, որքան Երևանում Մոսկվայի կողմից տնտեսական նորարարությունների սպասումները, այդ թվում՝ եվրասիական։ Ղարաբաղում վերջին սրումներից և ոչ մեկի ժամանակ հավաքական անվտանգության ռուսաստանցի եղբայրներն իրենց որևէ կերպ չդրսևորեցին․ մտադիր էլ չէին՝ ազնվորեն նախազգուշացնելով, որ Ղարաբաղը համաձայնագրի գոտու մեջ չի մտնում։ Իսկ ինքնին Հայաստանի վրա Ադրբեջանը, ակնհայտ է, չի պատրաստվում հարձակվել։ Ոչ էլ, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղի վրա։
Մի խոսքով, անվտանգության իրավիճակը համոզիչ չէ։ Հարցն այլ է՝ կառավարման մոդելը։ Մեր տարածաշրջանում իշխանության ավանդական համակարգն ուղղված է ոչ թե զարգացման, այլ՝ կոնսերվացման։ Եվ որոշումների կայացման հարցում ինքնուրույնության աստիճանը նման իշխանությանը հետաքրքրում է միայն այն ծավալով, որը կապահովի իր ինքնահաստատումն ու անձնական տնտեսա֊քաղաքական երջանկությունը։
Ինչպես ցանկացած ֆիզիկական մարմին ձգտում է պոտենցիալ էներգիայի նվազագույն պահուստի, ցանկացած իշխանություն ձգտում է նվազագույնի հասցնել իր պատասխանատվությունը։ Այդ իմաստով քչերի բախտն է բերում, և հիմնականում՝ մեր լայնություններում։ Հայաստանը դրա համար ունի Ռուսաստանին։ Ունի նաև վերնախավի՝ գաղութային ձևանալու երկար տարիներ մշակած կարողություն, գաղութային վերնախավ, որին գաղութարարները զրկել են ի բարօրություն բնակչությանը գործելու ինքնուրույնությունից։
Թեև ձևացնել առանձնապես չի էլ պահանջվում։ Միասնական պատմության ու անվտանգության վերաբերյալ ասքերը, որոնք լսելով՝ բնակչությունը պատրաստ է կողմ քվեարկել հենց այդ նույն անփոփոխությանը, ոչինչ է համեմատ համայնքային կառավարման մոդելի, որն էլ պահանջվում է պահպանել։ Իսկ հանուն դրա հորինվում են նոր ասքեր, որոնց օգտին բնակչությունը կրկին քվեարկում է՝ փակելով շրջանը։ Հետաքրքիր է՝ հարևանությամբ գտնվողներն իսկապե՞ս կարծում են, որ դա միայն Հայաստանին է վերաբերում։
Լուսանկարը՝ lragir.am