Խորհրդային, ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները, նկարագրելով խորհրդային տարիներին Հայաստան կատարած իր այցելությունը, կրկնում է ռուս գրողների՝ Հայաստանը որպես արևելյան երկիր և գաղութ ներկայացնելու ավանդույթը։ «Սոցիոսկոպ» ՀԿ֊ի կրթական ծրագրերի շրջանակներում կարդացած դասախոսությունում այս մասին նշում է մշակութաբան Հրաչ Բայադյանը։
Վերլուծության ենթարկելով Պոզների տեքստը՝ Բայադյանն ընդգծում է, որ այն բնորոշ է օրիենտալիստական տեքստերին, որոնք իրականության փոխարեն հղում են անում նախկինում գրված գործերին։ Պոզների գրվածքի հիմնական գաղափարաբանական կետերից է հնության թեման։
«Հիմնական թեման՝ նրանք հին են և անցյալում են, ժամանակակից չեն, նրանցը վաղնջական ժամանակներն են, որտեղ նրանք շարունակում են գոյատևել, բայց ոչ ներկան։ Օրիենտալիզմի դիսկուրսի հստակ տարր է՝ հայերը հին ժողովուրդ են», ֊ նշում է Բայադյանը։
Մշակութաբանը դա դրական չի համարում՝ ընդգծելով, որ այդ հնության փառաբանումը հայերին տանում֊սևեռում է անցյալում և տեղ չի թողնում ներկայի համար։
Բայադյանի խոսքով՝ Պոզների տեքստը բացահայտորեն շարունակում է ռուս գրողների (մասնավորաբար, Պուշկինի) դեպի Հայաստան ճամփորդությունների արդյունքում ստեղծված ուղեգրությունների ավանդությունը և խորհրդային տարիների կարծրատիպերը։ Այդ շարքից դուրս է մնում Անդրեյ Բիտովը, ով Հայաստանը չի նկարագրում որպես Արևելքի երկիր, այլ 60-ականներին Հայաստանում տեսնում է արդիականացող, արդյունաբերականացող երկիր։
«Լինել Արևելք նշանակում է լինել չարդիականացած։ Էդ իմաստով Պոզները հետ գցեց Հայաստանը, նույնացրեց իսլամական Արևելքի հետ։ Այժմ մենք ավելի ու ավելի արևելյան ենք դառնում, և Պոզների տեքստն ավելի արդիական է այսօրվա Հայաստանի համար, քան այն ժամանակվա Հայաստանի համար», ֊ նշում է բանախոսը։
Պոզների վերաբերմունքը, ըստ Բայադյանի, դասական օրինակ է, թե ինչպես է մետրոպոլիական գրողը, լրագրողը գալիս ծայրագավառ, գաղութ, և իրավունք վերապահում նկարագրել այն։
«Հայությունը Պոզների համար ի հայտ է գալիս որպես «արևելյան ուրիշ»։ Պոզները գրում է․ «Իմ կրած մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ է նրանց պահվածքի համեմատ»։ Ի՞նչ մշակույթի և ի՞նչ քաղաքակրթության մասին է խոսքը։ Ռուսակա՞ն։ Սովետակա՞ն։ Հայերը սովետական չէի՞ն։ Չկա՞ր միասնական սովետական քաղաքակրթություն», ֊ հարց է բարձրացնում Բայադյանը։
Մշակութաբանը բացատրում է, որ Պոզների տեքստում «գաղութային ուրիշի» նկարագրության դիսկուրսներ կան, մասնավորապես, ազնվազարմ վայրենու դիսկուրսը, այսինքն՝ վայրենի, որը արևմտացու համեմատ ավելի բարձր է․ վայրենին բարձրացվում է այն իմաստով, որ քաղաքակրթությունը գնում է դեպի ներքև։
«Բայց չպետք է մտածել, որ այս դեպքում բոլոր առումներով այդ մաքուր, անխառն վայրենին բարձր է դասվում, որովհետև քաղաքակրթողը մնում է գնահատողը, և բնական վիճակում պահպանված վայրենին այսօրվա քաղաքակրթության մեջ անելիք չունի։ Նա հետաքրքիր է որպես թանգարանային նմուշ, ինչպես ժամանակավրեպ մի բան», ֊ ասում է Հրաչ Բայադյանը։
Դասախոսության ամբողջական տեսանյութը․