Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները նոր բողոքի ալիք են բարձրացրել, նրանցից շատերն սպառնում են, որ հուլիսի 1-ին կհանձնեն իրենց սեղանիկները և ընտանիքներով կարտագաղթեն Հայաստանից։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նրանք, ըստ հոդվածագիր Աննա Մաթևոսյանի, դժգոհ են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով։ Որպես արտոնագրային վճարի չափ՝ մայրաքաղաքի շուկաների համար սահմանվել է առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոնների համար՝ 25 հազար, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ։ Շրջելով ոսկու շուկայի (բաղնիքի ոսկու շուկայի) տաղավարներով՝ Մաթևոսյանը զրուցել է վաճառողների հետ։
«Մենք բազմիցս մեր բողոքներում ասել ենք, որ ավելի լավ է կոնկրետ գումար սահմանեք ոսկի վաճառողների համար և վերջ։ Այսօր կառավարությունն արդեն այդ վորոշումը կայացրել է և խելքից հեռու մի գումարի չափ սահմանել՝ 35 հազար դրամ։ Այ մարդ, որ էդ գումարը սահմանում եք, մի հատ չե՞ք ասում՝ խեղճ ոսկու վաճառողը կարա՞ էդքան մուծի», – ասել է Ոսկու շուկայի աշխատակից Կարինե Նազարյանը։
«Հրապարակ»-ը մեջբերում է աշխատակիցների խոսքերն այն մասին, որ պետք է յուրաքանչյուրի համար առանձին գումար սահմանվեր, և գումարի չափը կախված լիներ տարածքի մեծությունից, գտնվելու վայրից․ «Ես շուկայի ծայրում եմ, իսկ մեկը՝ սկզբում, ու ինքը թափով գործ ա անում, պարզ չի՞, որ ինքը հեշտ ու հանգիստ կվճարի, էդ դեպքում ես ինչի՞ պետք ա նույնքան վճարեմ, որքան կենտրոնում դրած սեղանիկի տերը»։
Ոսկու առևտրով զբաղվողները գրավոր նամակով դիմել են ՀՀ կառավարություն, ներկայացնելով իրենց դժգոհություններն ու առաջարկությունները՝ օրենքի հետ կապված, և սպասում են, որ համաձայնության կգան․ «Ախպերական պետք ա գումարի չափը կիսենք, հակառակը չի կարող լինել»։