2010 թվականին բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյան Հատուկ քննչական ծառայությունում չի ընդունվել, որ մայիսի 13-ին նախագահական նստավայրի մոտ կայացած բողոքի ակցիայի ընթացքում հրել է ոստիկանին։ Ղազարյանը ՀՔԾ֊ում ցուցմունք է տվել մայիսի 13-ին սևազգեստ մայրերի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնություն կիրառելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Քննիչ Թադևոսյանը կարդաց, ասեց՝ համաձայն ե՞ք գրածի հետ: Գրված էր․ «Ոստիկանը քաշքշել է ինձ, իսկ ես հրել եմ ոստիկանին»: Ես ասեցի՝ էդ «ես հրել եմ ոստիկանին» բառակապակցությունը հանեք: Ասեցի՝ եկեք, դնենք տեսանյութը, նայենք, գրենք: Եվ իրոք նայեցինք, ես չէի հրել նրան: Ես ընդամենը ասում էի՝ ինձ մի խփեք, ձեռքերդ հեռու: Քննիչն ասաց՝ բայց դուք էլ պոկել եք ոստիկանի ուսադիրը: Ես ասեցի, որ պոկել եմ, ձեռքս բռնել էր, ես փորձում էի ազատվել», – Epress.am֊ի հետ զրույցում պատմել է Իրինա Ղազարյանը:
Կնոջ փոխանցմամբ՝ քննիչը նշել է, որ Իրինա Ղազարյանի ստացած մարմնական վնասվածքների մասին վկայող դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ ՀՔԾ չեն ուղարկվել: Այսօր նույն գործի շրջանականերում ցուցմունք է տվել նաև Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
Իրինա Ղազարյանը նաև նշել է, որ ՄԻՊ գրասենյակից նամակ է ստացել, որտեղ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, գնահատական տալով փետրվարի 11-ին նախագահական նստավայրի դիմաց կայացած մայրերի ակցիային, ճանաչել է, որ ոստիկանները խախտել են զոհվածների ծնողների իրավունքները: