Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասում է, որ ռուսական կողմը ոչ թե մեղադրյալ Վալերի Պերմյակովին է հանձնել հայկական կողմին, այլ նրա նկատմամբ կատարված քննչական գործողությունների մասին փաստաթղթերը: Այս մասին Արթուր Սաքունցը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ շնորհակալ է ռուսական կողմին՝ Ավետիսյանների ընտանիքի գործը սպանության մասով Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու և հետագա դատաքննությունը Հայաստանի համապատասխան ատյանին թողնելու համար։
Սաքունցի խոսքով՝ պաշտպանական կողմը Պերմյակովին է պահանջել, որպեսզի կարողանա նրա հետ քննչական գործողություններ կատարել:
«Այդ շոուն ներկայացնել որպես բովանդակային հարց, դա չի անցնի, քանի որ մեր բոլոր պահանջները մնում են օրակարգում: Տուժողի ներկայացուցիչները չեն կարող իրենց՝ օրենսգրքով ներկայացված լիազորությունները կատարել»,- ասել է Սաքունցը: