ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը (լուսանկարում) iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու առթիվ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում: Այս մասին գրում է iLur.am-ը:
Հիշեցնենք՝ iLur.am-ը հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է iLur.am-ին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Խոսքը գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնության մասին է, որի մասին տեղեկացրել էր iLur.am-ը՝ նշելով, որ բռնության հեղինակը Շիրակի վարչության արդեն նախկին պետ Վարդան Նադարյանն էր, որն այժմ ազատված է աշխատանքից (դեպքի հետ առնչություն չունեցող պատճառներով):
Միյատովիչը հիշեցրել է, որ ինքն այդ գործի կապակցությամբ մեկ տարի առաջ արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ:
«ԶԼՄ ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության ենթարկվեն հասարակության շահերից բխող տեղեկատվության տարածման կամ հրապարակման կապակցությամբ»,- Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում գրել է Միյատովիչը: Նա նշել է, որ եթե տեղեկատվությունը ազգային անվտանգությանը վերաբերող հստակ չափորոշիչների հիման վրա գաղտնիացված չէ, ապա պետությունը պարտավոր է լրագրողական աղբյուրների բացահայտման հարցում ապահովել լիակատար պաշտպանություն ցանկացած իրավական կամ վարչական պատժամիջոցներից, այդ սկզբունքը անկախ լրատվական դաշտի և ազատ ԶԼՄ-ների գոյության հիմանական պահանջներից մեկն է: