Երկուշաբթի՝ հուլիսի 20֊ին, պայթյուն է գրանցվել Սիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում, որի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ։ Ըստ նախնական հաղորդումների՝ ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ անդամի կողմից։
Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11։50֊ի սահմաններում՝ «Ամարա» մշակութային կենտրոնի դիմաց, որտեղ «Սոցիալիստական երիտասարդական ասոցիացիայի»՝ Ստամբուլից, Անկարայից ու Իզմիրից ժամանած մեծ թվով անդամներ մամուլի հայտարարություն էին անում Սիրիայի սահմանային Քոբանի քաղաքի վերակառուցման վերաբերյալ։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները, Ասոցիացիայի 300 անդամներ պատրաստվում էին մեկնել Քոբանի՝ վերակառուցման աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Today's Zaman կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչները, մի շարք գիտնականներ ու լրագրողներ քննադատության են ենթարկել կառավարությանը՝ երկրում անվտանգության պահպանման անկարողության կապակցությամբ։
Մասնավորապես, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա֊հանրապետական կուսակցության պատգամավոր Նուրեթին Դեմիրը, ով կուսակցության կողմից դեպքի վայրն ուսումնասիրելու ուղարկված պատվիրակության կազմում էր, ասել է՝ Թուրքիայի ներքին անվտանգությունը վերածվել է խառնաշփոթի։
«Ջիհան» լրատվական գործակալության հետ զրույցում Դեմիրը հիշեցրել է, որ քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ հունիսի 5֊ին Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունից հետո կառավարությունը որևէ նախազգուշական միջոցառում չի ձեռնարկել։
Ժողովրդական դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը, իր հերթին, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սուրուչում գրանցված պայթյունի հետևանքով զոհված բոլոր երիտասարդները գտնվում էին ոստիկանության ու հետախուզական մարմինների հսկողության տակ։
«Գրազ կգամ՝ Սուրուչում մամլո ճեպազրույցին ներկա բոլոր երիտասարդները հսկողության տակ էին։ Ոստիկանությունը գիտի այնտեղ բոլոր ներկա եղածներին։ Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք․ իշխանությունները գիտեին՝ ով էր այնտեղ լինելու, և ով՝ հեռանալու»,֊ ասել է նա։
Ժողովրդական դեմոկրատական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ հայտարարել են, որ նման ահաբեկչությունն անսպասելի չէր, և կառավարության պատասխանատվությունն է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերից խուսափելու համար։