«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կարծում են, որ իշխանություններն իրականում չունեն քաղաքական կամք վերագործարկելու «Նաիրիտը» և այդ պատճառով էլ հիմնվում են միայն այն ուսումնասիրությունների վրա, որոնց հեղինակները գործարկումն անհնար են համարում: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց հավաքված նաիրիտցիների ակցիայի ժամանակ հայտարարել է գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: Ակցիային մասնակցող նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկումը։
Մինչ դրսում ակցիա էր ընթանում, ԱԺ-ում «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ լսումներ են ընթանում: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները: Հետազոտության համար գումարը տրամադրել է Համաշխարհային բանկը։
«Մեր պահանջն այն է, որ այսօրվա լսումները գան այն եզրակացության, որ «Նաիրիտը» պետք է աշխատի: Իրենք հաղորդում են Համաշխարհային բանկի արդյունքները, սակայն «Նաիրիտի» մասնագետները չեն հրավիրվել: Իրենց հիմնավորումն այն է, որ գործարկումը շատ թանկ է նստում, գործարկել ցանկացող կազմակերպություն չկա, իսկ պետությունն այդքան գումարներ չունի. խոսքը 350-400 միլիոն դոլարի մասին է: Իրենք չեն ուզում դիտարկել այն փաստը, որ մեր մասնագետների կողմից ներկայացվել է 50-60 միլիոն դոլարի ծրագրեր»,- ասել է Անուշ Հարությունյանը:
Անդրադառնալով նաիրիտցիների աշխատավարձերի հիմնահարցին՝ Հարությունյանը տեղեկացրել է, որ Կառավարության կողմից տրված վերջին խոստումը ևս չի կատարվել. թեև գրեթե բոլորը ստորագրել են փաստաթղթեր, որ հրաժարվում են օրենքով հասանելիք աշխատավարձի ուշացման համար տույժերից, միայն 400 նաիրիտցի է ստացել ամբողջ աշխատավարձը:
«Յոթ օրն անցել է, աշխատավարձները չկան: Եթե այսօր ու վաղն էլ փոխանցումը չարվի, մենք կսկսենք մեր լայնածավալ միջոցառումները»,- ասել է Անուշ Հարությունյանը: