«Նաիրիտ» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հիշեցնելով դեռևս չկատարված՝ աշխատավարձի պարտքը մինչև հուլիսի 15-ն ամբողջությամբ մարելու մասին խոստման մասին:
«Այսօրվա ակցիան ուղղակի հիշեցման, ինֆորմատիվ բնույթ կրող ակցիա է: Մեր աշխատակիցներն ուղղակի անհանգստացել են. եթե մինչև հուլիսի 15-ն ամբողջ աշխատավարձը պետք է մարվի, ապա հիմա արդեն գոնե մի քանի ամսվանը պետք է ուղարկած լինեին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսանակ Անուշ Հարությունյանը:
Նաիրիտցիները պատմել են, որ Զախարյանը խոստացել էր մինչև հուլիսի 15-ն աշխատավարձի ողջ պարտքը մարել հունիսի 9-ի ակցիայի ժամանակ: «Այստեղ ներքևում ասեց՝ կտանք։ Մենք լսածին չէինք հավատում, մեզ բարձրացրեց, մի հատ էլ վարչապետի մոտ խոստացավ», – պատմել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցներից մեկը:
Բողոքողներն այսօր քննարկում են անցկացրել և որոշել, որ, եթե խոստումը չկատարվի, հուլիսի 16-ից նստացույց են սկսելու կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին 18-24 ամսվա աշխատավարձ են պարտք։