«Նաիրիտ»֊ի պարտք կուտակելու պատճառն այն է, որ 2007-2010 թվականներին գործարանը իր արտադրանքը՝ քլորոպրենային կաուչուկը, վաճառում էր ինքնարժեքից ցածր գնով։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Նաիրիտի» գործարկման շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա ասել է, որ 2007 թվականին 1 տոննա կաուչուկի ինքնարժեքը կազմել է 3.7 հազար ԱՄՆ դոլար, 2008 թվականին՝ 4.6 հազար, 2009 թվականին՝ 6 հազար: Իսկ վաճառքի գինը եղել է 3-3.5 հազար դոլար՝ մեկ տոննայի համար:
«Այսպիսի պայմաններում արտադրությունը շարունակելը կնշանակեր ինքնասպանություն: Բայց սեփականատերը շարունակում էր՝ ավելացնելով հարկերը և կուտակելով պարտքերը»,- ասել է նախարարը:
2006 թվականին «Նաիրիտ»-ը 40 միլիոն դոլարով վաճառվել է Rhinoville Property Limited ընկերությանը: ԱՊՀ Միջպետական բանկը 2006թ․ Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի չափով վարկ էր ձևակերպել, որն ընկերությունը չի մարել։
2014թ․ Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցը` «Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունից 90% բաժնետոմսերը պարտքերի դիմաց բռնագանձելու վերաբերյալ։ Մնացած 10%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը։