ՀՀ գլխավոր դատախազությունը «Էյր Արմենիա» սեփականատեր Արսեն Ավետիսյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցի։
Դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացվում է գործի ընթացքը, ներգրավված անձանց ցուցմունքները և քրեական գործ չհարուցելու մասին դատախազության պատճառաբանությունները.
Ավետիսյանի կինն ահազանգել է ոստիկանություն
2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 19:30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը և հայտնել, որ իր ամուսնուն` Արսեն Ավետիսյանին առևանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը և նրանք գտնվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Ավետիսյանին վնասվածքներով հիվանդանոց են բերել
Նույն օրը, ժամը 22:30-ին «Արամյանց» ԲԿ-ից հաղորդվել է, որ գանգուղեղային տրավմա, քթի կոտրվածք և ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթային արնահոսություն ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, ով վնասվածք է ստացել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Արսեն Ավետիսյանի հաղորդումը և բացատրությունը՝ ըստ դատախազության
2015թ. օգոստոսի 16-ին` Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում։ Մոտ 2-3 րոպե զրույցից հետո Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է տանել դեպի սրճարանի հետնամասը և ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Օգոստոսի 17-ին Արսեն Ավետիսյանը բացատրությունով պնդել է հաղորդմամբ ներկայացրած տեղեկությունները՝ խնդրելով մանրամասն բացատրություն տալ ավելի ուշ:
Իզաբելլա Մելքումյանի բացատրությունը՝ ըստ դատախազության
Նույն օրը բացատրություն է տվել Արսեն Ավետիսյանի կին Իզաբելլա Մելքումյանը, ըստ որի 2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին երեխաների հետ գնացել է Ջերմուկ քաղաք` հանգստանալու նպատակով, իսկ ամուսինը` Արսեն Ավետիսյանը, մնացել է Երևանում, քանի որ, ըստ վերջինիս, ինքը պետք է հանդիպեր Ռուբեն Հայրապետյանին` գումարային հարցի շուրջ զրուցելու համար: Ջերմուկում գտնվելու ժամանակ, ժամը 19:20-ի սահմաններում, իրեն Է զանգահարել ամուսնու եղբայր Արտեմ Ավետիսյանը և ասել, որ «Ռուբեն Հայրապետյանենք» Արսեն Ավետիսյանին տարել են ֆուտբոլի ակադեմիա և իր կամքին հակառակ պահում են այնտեղ: Լսելով այդ մասին` ինքը զանգահարել է 1-02:
Մելքումյանը նշել է նաև, որ ամուսինն այդ ընթացքում զանգահարել է իրեն և հայտնել, թե իբրև ամեն ինչ նորմալ է, իսկ այն հարցին, թե կարող է դուրս գալ այդ վայրից, ամուսինը պատասխանել է, որ ոչ: Ըստ իր ամուսնու խոսքերի՝ լրատվամիջոցների զանգից հետո Ռուբեն Հայրապետյանը իր հետ վարվել է համեմատաբար ավելի նորմալ և հանձնարարել իր աշխատողներին` մեքենայով ամուսնուն դուրս բերել այդ վայրից:
Արսեն Ավետիսյանի ևս մեկ բացատրությունը՝ ըստ դատախազության
Արսեն Ավետիսյանը օսգոստոսի 19-ին բացատրություն է տվել այն մասին, որ պայմանավորվածություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպել Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում: Օգոստոսի 15֊ին, ժամը 18:30-ին իրենք հանդիպել են, մոտ երկու րոպե զրուցելուց հետո` չգալով ընդհանուր հայտարարի, Ռուբեն Հայրապետյանը քաշել է իր ձեռքից և փորձել է տանել սրճարանի հետնամաս, ինքը փորձել է ազատել ձեռքը, ու այդ պահին Ռուբեն Հայրապետյանը բռունցքով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ձեռքով փակել դեմքը հարվածներից պաշտպանվելու համար: Վայր ընկնելուց հետո ինքը ստացել է բազմաթիվ հարվածներ, սակայն չի կարող նշել, թե ով է իրեն հարվածներ հասցրել:
Ավետիսյանը հերքել է իրեն առևանգելու հանգամանքը՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ինքն իր կամքով է գնացել Ֆուտբոլի ակադեմիա, հերքել է նաև իրեն` իր կամքին հակառակ այնտեղ պահելու հանգամանքը՝ կնոջ կողմից նման տեղեկություններ հայտնելը բացատրելով լարված վիճակում միմյանց սխալ հասկանալու արդյունք: Ինչպես նաև նշել է, որ հաշտվել է Ռուբեն Հայրապետյանի հետ և վերջինիս նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի:
Ռուբեն Հայրապետյանի բացատրությունը՝ ըստ դատախազության
Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին և նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ և պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը: 2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը և ցանկացել հանդիպել: Հանդիպելով ֆուտբոլի ակադեմիայի տարածքում` առաջարկել է Արսենին նստել լողավազանի դիմացի սրճարանում և զրուցել: Զրույցի ընթացքում հարցրել է՝ գումարն արդյոք տվել է, թե ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ավետիսյանի դեմքին, ինչի արդյունքում վերջինս ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմի տարբեր մասերին:
Հարվածներից հետո Արսենի քթից արյուն է հոսել, և ինքը նրան տարել է զուգարան` լվացվելու, որից հետո վերադարձել են նույն սեղանի մոտ, շարունակել զրույցը։ Զրույցից հետո իր աշխատակիցները Ավետիսյանին ուղեկցել են դուրս: Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու, իր թիկնազորի կողմից Արսեն Ավետիսյանին ծեծելու հանգամանքը, ինչպես նաև Արսենի կողմից իրեն հարվածելու համգամանքը: Ինչպես նաև նշել է, որ իրենք հաշտվել են և չի առարկել, որ քրեական գործի հարուցումը մերժվի ոչ արդարացնող հիմքով:
Ինչ են ասել դատաբժիշկները՝ ըստ դատախազության
Օգոստոսի 21-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Արսեն Ավետիսյանի առողջությանը պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքից երեք շաբաթ հետո, այսինքն սեպտեմբերի 5-ին Ավետիսյանի ներկայանալուց հետո:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է լուծվեն դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (սույն դեպքում` առավելագույնը 26.08.15թ.), իսկ Ավետիսյանի հաղորդման լուծման համար էական նշանակություն ուներ վերջինիս առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը, բացատրություն է վերցվել դատաբժիշկ-փորձագետից:
Դատաբժիշկը նշել է, որ Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքներից քթի կոտրվածքը, պայմանավորված ապաքինման ընթացքով և արդյունքով, կարող է որակվել առողջությանը պատճառված թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս, որը կարող էր առաջանալ մեկ հարվածից, ինչ վերաբերում է մյուս վնասվածքներին, ապա դրանք իրենց համակցության մեջ պարունակում են թեթև վնասի հատկանիշներ, իսկ առանձին առանձին վերցրած թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Ինչու քրեական գործ չի հարուցվել․ դատախազության բացատրությունը
Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ, հիմնավորվել է Հայրապետյանի կողմից Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Հաստատված դեպքի հանգամանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) կամ 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում, ինչը սույն դեպքում բացակայում է, այսինքն` առկա է վարույթը բացառող հանգամանք:
Հետևաբար որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: