Home / Տեսանյութեր / Հայաստանին, Բահրեյնին, Քաթարին սպառնում է ջրի պակասը․ զեկույց

Հայաստանին, Բահրեյնին, Քաթարին սպառնում է ջրի պակասը․ զեկույց

Հայաստանն այն 33 երկրների շարքում է, որոնք, ըստ փորձագետների կանխատեսումների, բախվելու են լուրջ սակավաջրության հետ։

Աշխարհի երկրների շուրջ մեկ հինգերորդը մինչ 2040 թվականը կբախվի ջրի խիստ պակասի հետ, քանի որ կլիմայի փոփոխությունները խախտում են տեղումների պարբերականությունը, իսկ աճող բնակչության մոտ ջրի պահանջարկն ավելանում է։ Այս մասին նշված է «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտ» (WRI) հասարակական կազմակերպության կատարած հետազոտության մեջ։

Հայաստանը 33 երկրների շարքում զբաղեցրել է 22֊րդ հորիզոնականը՝ հավաքելով 4․60 միավոր։ Առավելագույն 5 միավոր են ստացել Քաթարը, Բահրեյնը, Սան֊Մարինոն, Պաղեստինը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սինգապուրն ու Քուվեյթը. այդ երկրներում իրավիճակն առավել վտանգավոր է։

Հայաստանի հարևաններից Իրանը գտնվում է 13֊րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 18֊րդ։

watertable

Վերջին տարիներին մասնագետները պարբերաբար ահազանգում են սակավաջրության հետ կապված Հայաստանում առկա լրջագույն խնդիրների մասին։ Մասնավորապես, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագրի ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին նվազել է աղբյուրների ջրատվությունը։ Բնապահպանները նշում են, որ դաշտավայրի ջրերն անխնա օգտագործվում են ձկնարտադրողների կողմից, ինչը սպառնում է տվյալ տարածքի անապատացմանը։