Այս շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկայում ստեղծված աժիոտաժային իրավիճակի հիմնական «գործող անձը» ամենևին էլ բնակչությունը չի եղել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով Հայաստանի բանկային համակարգից ստացած իր տեղեկություններին։
Համաձայն թերթի, բնակչությունը, անշուշտ, ավելի շատ դոլար էր փորձում գնել, քան սովորաբար է լինում, բայց դոլարի նկատմամբ հիմնական աժիոտաժային պահանջարկը ձևավորել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Հենց նրանք են եղել այդ օրերին շուկայից արտարժույթի հիմնական ձեռքբերողները։
«Սա պայմանավորված է նրանով, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ համանման իրավիճակ էր ստեղծվել, խոշոր բիզնեսն ուշացավ և չհասցրեց իր դրամային շրջանառու միջոցները արագ վերածել դոլարի, ինչի պատճառով նրանք մեծ վնասներ կրեցին։ Ու քանի որ հիշողությունը դեռ թարմ է, այս անգամ խոշոր բիզնեսն ուղղակի որոշեց իրադարձություններից առաջ ընկնել և ՌԴ-ում տեղի ունեցած փլուզմանն ավելի արագ արձագանքեց, քան սովորաբար լինում է։ Բանկային համակարգում նաև չեն բացառում, որ այդ օրերին շուկայում հայտնվել է ֆինանսական մեծ հնարավորություններով սպեկուլյանտների մի խումբ, որն իր լուման է ներդրել աժիոտաժային այդ վիճակն ստեղծելու գործում», – տեղեկացնում է «ՀԺ»-ն։
Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջին դրամը դոլարի համեմատ արժեզրկվեց 8-10 դրամով։ Մեկ դոլարը վաճառվում էր 485-488 դրամով։