Հեղինակ՝ Վադիմ Դուբնով
Առաջին տարին չէ, որ ադրբեջանցի գործընկերոջս հետ վիճում ենք, թե ով է առջևում՝ Մոսկվան, թե՞ Բաքուն։ Ո՞ւմ իշխանությունն իր քմահաճույքներով կխլի առաջատար դիրքը հերթական շրջադարձին, հերթական դատով, հերթական հակաարևմտյան կշտամբանքով, հերթական հինգրոպեանոց հայրենասիրությամբ, հերթական ահռելի օլիմպիադայով։
Երկու տարի առաջ ինձ թվում էր՝ գործընկերս, զգալով սեփական թուլությունը, ինքն էր թաքցնում հայացքը։ Մի օր, սակայն, հանդգնեց ու վստահորեն հայտարարեց․ «Չես նկատել՝ մենք ձեզ ինչպես ենք տվել֊անցել»։ Յունուսների ձերբակալությանը հաշված օրեր էին մնում, Թուրքիայից հայրենիք արտաքսված Ռաուֆ Միրկադիրովն արդեն նստած էր։ Մենք, տխուր ընդունելով մեր սուբյեկտիվությունը, փորձում էինք օբյեկտիվ չափանիշներ գտնել այդ ճակատագրական առաջատարությունը սահմանելու համար։ Մենք կիսելու ոչինչ չունեինք։ Ռուսաստանն ու Ադրբեջանն անգամ եվրասիական ժողովրդավարության տպավորիչ ֆոնին էին (բացառությամբ Կենտրոնական Ասիայում առանձին դեպքերի) զգալիորեն առաջ պոկվել։ Ու արդեն քիչ էր մնում հանձնվեի, երբ դատապարտեցին Յունուսներին, բայց հայրենիքս նույն պահին ինձ ձեռք մեկնեց՝ հակառակորդին պատասխանելով Կոհվերի ու Սենցովի դատերով։
Մենք տարածքներ ենք ձեռք բերում, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, կորցրել է։ Մենք կայսրություն ենք հավաքում, Ադրբեջանը խուսափում է մեզ հետ գրկախառնվել։ Մենք հետևողականորեն վիճում ենք Արևմուտքի հետ։ Ադրբեջանի համար իր հակաարևմտականությունը, առաջին հերթին՝ հակաամերիկյան կատարմամբ, ավելի շուտ մի դրվագ է ուժի ու ազդեցության ցանկացած կենտրոնից հեռավորություն պահպանելու պատմության մեջ։
Բայց որքան ավելի հստակ են տարբերությունները, այնքան ավելի օբյեկտիվ են դիտվում նմանությունները։ Դրանք մեզ միավորում են՝ անկախ մասնավոր դեպքերից։ Ղրիմն է մերը, թե Ղարաբաղն է կորսված՝ կարևոր չէ․ ռեժիմի շրջանակներում միևնույն է՝ ինչը կդառնա ինկվիզիցիայի պես ամենակուլ հայրենասիրության ու դրա հետևանքների առիթ։ Պատերազմում բոլոր միջոցները թույլատրելի են։ Առավել ևս, որ ինքնին պատերազմի կարիք չկա։ Լրտեսները խմբերով շրջում են Բաքվում ու Մոսկվայում, նույնիսկ՝ հարակից տարածքներում, Միրկադիրովին դուրս են բերում Անկարայից, Կոհվերին ու Սավչենկոյին դատարան են բերում Դոնբասից ու էստոնական սահմանից։ Ամեն ինչ տրամաբանական է ու օրինաչափ՝ ինչպես Պյութագորասի թեորեմը։ Նույնիսկ օդը նման ռեժիմներում նույն կառուցվածքն ունի․ ահա՝ ինչն է մեզ միավորում։ Կարծես՝ օտարերկրա լվացքի փոշիների ինչ֊որ թունավոր մասնիկ իսկապես փոշիացել է ու ընդմիշտ լուծվել օդի մեջ՝ փոխելով դրա քիմիական բանաձևը։ Այստեղ մեր պարզունակության ադեպտները գրոհում են ցուցահանդես Մանեժում, այնտեղ մահանում է ծեծի ենթարկված լրագրող, ով կասկածի տակ էր դրել այն, որ թուրքական հայրենասիրությամբ լեցուն խաղացողը կարող էր բարձրացնել երկրի հեղինակությունը Եվրոպայում։
Ամեն ինչ էվոլյուցիայի պես տրամաբանական է։ Ամբոխը, ի տարբերություն կոլեկտիվի, օրինակ է վերցնում ոչ թե իր լավագույն ներկայացուցիչներից, այլ՝ վատագույն։ Նորմալ իշխանությունը չի կարող գրեթե ամբողջովին։ Մերը կարող է գրեթե անսահմանափակ։ Ռուսաստանցիներին ու ադրբեջանցիներին ասել են՝ «երեկվա բոլոր արգելքներն այսօր թույլատրելի են»։ Եվ այժմ տեղի ունեցող մուտացիայի վերջնական արդյունքն այնքան էլ կարևոր չէ։ Բավական տպավորիչ է ընթացքը։ Ադրբեջանցի հայրենասերը, ֆուտբոլից լավ չհասկանալով, արդեն անհամբեր սպասում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Հենրիկ Մխիթարյանի ձերբակալությանը։ Շրջանցելով ադրբեջանական օրենքը՝ նա այցելել է Ղարաբաղ, իսկ այժմ պատրաստվում է գալ Բաքու՝ «Գաբալայի» հետ եվրագավաթի հանդիպման։ Պիտերում քանդում են Մեֆիստոֆելի սրբապիղծ քանդակը։ Կարգն է այսօր այդպիսին․․․
Հոդվածն ամբողջությամբ՝ «Էխո Կավկազա» կայքում