«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը վերլուծում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները և եզրակացնում, որ ԱՎԾ֊ն կեղծ տվյալներ է ներկայացրել։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։
«Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների, ՀՆԱ-ն եղել է 875 միլիարդ դրամ, իսկ երկրորդ եռամսյակում՝ մեկ տրիլիոն 113 միլիարդ դրամ։ Ամբողջ կիսամյակում Հայաստանի ՀՆԱ֊ն, ըստ այդմ, կազմել է մեկ տրիլիոն 988 միլիարդ դրամ։ Անցած տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ֊ն մեկ 1 տրիլիոն 702 միլիարդ դրամ էր։ Այսինքն, ՀՆԱ֊ն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 286 միլիարդ դրամով։ Ահա ՀՆԱ֊ի այս ավելացումն է, որը, ըստ ԱՎԾ֊ի, տվել է ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ։
Բայց եթե ՀՆԱ֊ի աճի հաշվարկը իրականացվում է բավականին բարդ բանաձևերով, ապա այլ է այդ ՀՆԱ֊ի և հավաքագրված հարկերի հարաբերակցությունը։ Այստեղ հաշվարկը շատ պարզ է։ Կա ՀՆԱ֊ի ցուցանիշ, կա հավաքագրված հարկերի ցուցանիշ։ Եվ ահա, ըստ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի, հավաքագրված հարկերի ծավալը ՀՆԱ֊ի մեջ պետք է կազմի 23․4 տոկոս։ Եթե ՀՆԱ֊ն աճել է 286 միլիարդ դրամով, ինչպես պնդում է ԱՎԾ֊ն, ապա այդ գումարի 23․4 տոկոսի չափով էլ պետք է աճեին պետական բյուջեի հարկային եկամուտները։ 286 միլիարդ դրամի 23․4 տոկոսը կազմում է մոտ 70 միլիարդ դրամ։ Այսինքն, ՀՆԱ֊ի 4 տոկոս աճը պետք է բերեր հարկային եկամուտների 70 միլիարդ դրամով ավելացման։
Հիմա նայում ենք նույն ԱՎԾ֊ի հրապարակած տվյալները հավաքագրված հարկերի վերաբերյալ։ Ըստ այդմ, անցած տարվա առաջին կիսամյակում հավաքագրվել է 499․9 միլիարդ դրամի հարկ և տուրք, իսկ այս տարի՝ 501․4 միլիարդ դրամի։ Աճը՝ 1․5 միլիարդ դրամ ընդամենը։ 70 միլիարդ դրամի փոխարեն՝ 1․5 միլիարդ դրամ։
Նման բան լինել չի կարող։ Ուղղակի չի կարող։ Կարող են լինել շեղումներ չնչին տոկոսների չափով, բայց որ 70 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր ենթադրող աճը կհանգեցնի ընդամենը 1․5 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքերի՝ չի կարող։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսական աճը, որ ներկայացված է, ամբողջությամբ հավելագրված է. ներկայացվել են ակնհայտ կեղծ ցուցանիշներ, որոնք նույնիսկ մակերեսային հաշվարկներով փլուզվում են հիմնահատակ։ Իրականում տնտեսական աճ գոնե առաջին կիսամյակում, ցավոք, չի եղել։ Նույնիսկ հնարավոր է, որ տնտեսական անկում էլ գրանցված լինի։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում