Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վանաձորի բնակիչ Անի Բոշյանի (լուսանկարում) ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի ներկայացրած բողոքը։
Վերջինս բողոքում էր Անի Բոշյանին ոստիկանությունում նվաստացնելու, հոգեբանական ճնշումների և բռնության ենթարկելու, ինքնասպանության փորձի հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի որոշման դեմ։
Դատական նիստի ժամանակ Բարսեղյանը բողոքի դեմ ներկայացված առարկություններում նշել է, որ քրեական գործի նյութերով բավարար տվյալներ ձեռք չեն բերվել Բոշյանից ցուցմունքներ կորզելու փաստի վերաբերյալ։ Քննիչը պնդել է, որ աղջկա կողմից վարույթն իրականացնող մարմնին հայտնված յուրաքանչյուր փաստարկ ուշադրության է արժանացել և արդյունքում կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով: Բարսեղյանը հայտնել է նաև, որ Բոշյանի գործով դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություններ նշանակելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ առաջինի դեպքում բողոքում նշված հանգամանքը՝ Բոշյանի կամքը կոտրելը, պարզել հնարավոր չէր, իսկ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու դեպքում հնարավոր չէր պարզել Բոշյանի նկատմամբ ճնշումեր գործադրելու հանգամանքը:
Արթուր Սաքունցը, իր հերթին, նշել է, որ բողոքում բարձրացված բազմաթիվ հարցերի այդպես էլ պատասխաններ չեն տրվել։ Նա արձանագրել է, որ գործով ներգրավված վկաների ցուցմունքներում եղել են ակնհայտ հակասություններ, քննություն չի կատարվել Բոշյանի հոր՝ Հակոբ Բոշյանի՝ ոստիկանության բաժնում գտնվելու պատճառները պարզելու ուղղությամբ:
Դատարանը, այնուամենայնիվ, բողոքը մերժել է։ Բոշյանի ներկայացուցիչները նման որոշման դեմ բողոք կներկայացնեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Հիշեցնենք, որ Անի Բոշյանը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները դաջվածքներ, վնասվածքներ, թաքցված պարագաներ հայտնաբերելու պատճառաբանությամբ բաժնում մերկացրել են իրեն, ստուգել մարմինը, հեռախոսով նկարահանումներ կատարել: Այնուհետև, սկսելով հարցաքննությունը, ծաղրուծանակի, անձնական բնույթի վիրավորանքների, ճնշումների միջոցով ցանկացել են, որ նա խոստովանի, թե հանցագործություն է կատարել: Ծնողների փոխանցմամբ՝ Բոշյանը ինքնասպանության փորձ էր կատարել:
Անի Բոշյանին մեղադրում են կիբերհանցագործություն կատարելու մեջ: Համաձայն քննիչների, Բոշյանը մոնտաժել է երկու կանանց լուսանկարներ, համակցելով նրանց լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներին և տեղադրել odnoklassniki.ru կայքում ստեղծված իր անձնական էջում: Աղջիկը մեղադրանքը չի ընդունում: Ավելի վաղ նա ասել էր, որ ոստիկանությունում իր ծնողներից պահանջել են 5000 ԱՄՆ դոլար, որպեսզի գործը փակեն կամ մեկ այլ կասկածյալ ներգրավվեն: