Վանաձորի բնակիչ Անի Բոշյանին ոստիկանությունում նվաստացրելու, հոգեբանական ճնշումների և բռնության ենթարկելու, ինքնասպանության փորձի հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնում է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Աղջիկը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները դաջվածքներ, վնասվածքներ, թաքցված պարագաներ հայտնաբերելու նպատակով մերկացրել են իրեն, ստուգել մարմինը, հեռախոսով նկարահանումներ կատարել: Այնուհետև, սկսելով հարցաքննությունը, ծաղրուծանակի, անձնական բնույթի վիրավորանքների, ճնշումների միջոցով ցանկացել են, որ նա խոստովանի, թե հանցագործություն է կատարել: Ծնողների փոխանցմամբ՝ Բոշյանը ինքնասպանության փորձ էր կատարել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանները քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումն անօրինական են համարում և նշում են, որ ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունենալով և՛ ոստիկանության աշխատակիցների, և՛ Բոշյանների ցուցմունքները, չգիտես ինչու, արժանահավատ է համարել ոստիկանների տված ցուցմունքները և անհիմն՝ Բոշյաններինը։
«ՀՔԾ-ն չի կատարել դեպքերի պատշաճ հետազոտություն, չի անդրադարձել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների խախտման վերաբերյալ տվյալների ճշտմանը, ըստ այդմ՝ հանցանք չի համարել նաև քաղաքացիներին ոստիկանությունում սահմանված ժամերից երկար պահելը: ՀՔԾ-ն չի անդրադարձել այն հանգամանքին, որ Անի Բոշյանը 2014թ.-ի նոյեմբերի 11-ին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 18:00-ին և այնտեղից դուրս է եկել միայն գիշերը ժամը 03:00-ին: Մինչդեռ, ըստ օրենքի՝ գիշերային ժամերին չի թույլատրվում քննչական գործողություններ իրականացնել, և դրանք կարող են իրականացվել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: Իսկ արդյոք նման անհրաժեշտության կա՞ր այս դեպքում, ՀՔԾ-ն [այդ հարցին] նույնպես չի անդրադարձել: Կամ այն, որ Անի Բոշյանը 2015թ.-ի նոյեմբերի 18-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ժամը 18:00-ին և նրան հարցաքննել են մինչև 23:30-ը, ևս անօրինական է, հարցաքննության համար օրենքով սահմանված է ոչ ավել քան 4 ժամ: ՀՔԾ-ն որոշման մեջ անդրադառնալով աղջկա հորը՝ Հակոբ Բոշյանին, ոստիկանությունում ապօրինի պահելու հանգամանքին, այն ևս գնահատել է անհիմն: Նույնքան անհիմն էլ ավելացրել, թե պարզել է, որ Հակոբ Բոշյանը ոստիկանության բաժնում մնացել է իր կամքով: Մի՞թե ոստիկանությունը ժամանցի վայր է, որտեղ որքան ուզես կարող ես մնալ և երբ ուզես կարող ես հեռանալ, այն էլ ոչ թե միջանցքից, այլ կոնկրետ աշխատասենյակից», – նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։
Անի Բոշյանին մեղադրում են կիբերհանցագործություն կատարելու մեջ: Համաձայն քննիչների, Բոշյանը մոնտաժել է երկու կանանց լուսանկարներ, համակցելով նրանց լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներին և տեղադրել odnoklassniki.ru կայքում ստեղծված իր անձնական էջում: Աղջիկը մեղադրանքը չի ընդունում: Ավելի վաղ նա ասել էր, որ ոստիկանությունում իր ծնողներից պահանջել են 5000 ԱՄՆ դոլար, որպեսզի գործը կոծկեն կամ մեկ այլ կասկածյալ ներգրավվեն: