հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ով է թելադրում օրենսդրական քաղաքականությունը․ Կառավարության մենաշնորհն ԱԺ֊ում

Ով է թելադրում օրենսդրական քաղաքականությունը․ Կառավարության մենաշնորհն ԱԺ֊ում

ԱԺ-ն իր վերջին՝ 7-րդ նստաշրջանում (2015-ի փետրվարից հուլիս) ավելի շատ օրենք է ընդունել արտահերթ նիստերում, քան հերթականներում: 112 օրենքներից 61-ը խորհրդարանն ընդունել է արտահերթ նիստերում, որոնք բոլորն էլ, բացառությամբ մեկի, հրավիրվել են Կառավարության կողմից: Այս մասին ԱԺ 7-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքների ամփոփման ժամանակ ասել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

«Արտահերթ հրավիրելու մենաշնորհը մնացել է Կառավարությանը։ Կառավարությունը հագեցած օրակարգերով արտահերթեր է հրավիրել և դրանց ընթացքում է կատարել լրջագույն օրենսդրական փոփոխություններ։ Օրինակ, փոխել է արտաքին պարտքի մասին օրենքը, 5 միջազգային վարկային պայմանագրեր կնքել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 600 միլիոն դոլարը: Սա նախորդ նստաշրջանի ամենահիմնական բնորոշիչն է: Մյուս բնորոշիչն այն է, որ օրենսդրական քաղաքականությունը շարունակել է թելադրել Կառավարությունը, անհամեմատ առաջատարությամբ՝ 90/10 հարաբերակցությամբ լինելով օրենքների հեղինակը: ԱԺ֊ում «դեմ» քվեարկությունները 1%-ի չեն հասնում»,- ասել է Վասիլյանը:

Նշենք, որ 5-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունի իշխող Հանրապետական կուսակցությունը, որի պատգամավորները վերջին տարիների ընթացքում հիմնականում տապալում են ընդդիմադիր ուժերի՝ կարևոր հարցերով արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությունները։ Մասնավորապես, նման դեպք տեղի է ունեցել 2014֊ի դեկտեմբերին, երբ ՀՀԿ֊ականները չեն ներկայացել ԱԺ՝ ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումները քննարկելու նպատակով հրավիրված արտահերթին։ Նույնը գրանցվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման համար հրավիրված արտահերթի դեպքում։

Փաստացի, ԱԺ֊ն դարձել է մի մարմին, որտեղ ՀՀԿ֊ական մեծամասնությունն ընդունում է կառավարության ներկայացրած բոլոր օրենքները և հիմնականում մերժում ընդդիմադիրների օրենսդրական նախաձեռնությունները։