Home / Տեսանյութեր / ՔԿԱԳ-ը չի հերքում՝ երեխայի ծննդի գրանցման ակտը կեղծ է․ մայրը սպասում է իր իրավունքի վերականգնմանը

ՔԿԱԳ-ը չի հերքում՝ երեխայի ծննդի գրանցման ակտը կեղծ է․ մայրը սպասում է իր իրավունքի վերականգնմանը

Իր երեխայի համար պայքարող Նարինե Նիկողոսյանը (լուսանկարում) սպասում է վարչական վարույթով իր՝ երեխայի հանդեպ խնամակալի իրավունքների վերականգնմանը, իսկ քրեական վարույթը, որով պահանջում է պատժել իր երեխային գողացած Էդիսոն Ադյանին, երկրորդական է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նիկողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Որևէ թշնամանք չկա, կամ ցանկություն, որ Ադյանը բանտ նստի: Առաջնայինը երեխային հետ ստանալն է»,- ասել է փաստաբանը:

Այսօր վարչական դատարանում ավարտվել է դատավարությունը, որի ընթացքում Նիկողոսյանը ներկայացրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ) կողմից երեխայի ծննդյան փաստաթղթերը կեղծելու մասին փաստեր. ծննդի գրանցման ակտում երեխայի ազգանունը նախ գրվել է «Նիկողոսյան», վրան գիծ է քաշվել ու գրվել «Ադյան»:

Պատասխանող կողմը՝ ՔԿԱԳ-ը, ներկայացված փաստաթղթի օրինականության դեմ որևէ փաստարկ չի բերել:

«Համաձայն վարչական դատավարության օրենսգրքի՝ եթե կողմը չի հերքում բերված ապացույցները, ապա դրանք պետք է համարվեն բավարար և ճշմարիտ»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ զուգահեռաբար ընթանում է նաև քրեական գործի քննությունը: Վերաքննիչ դատարանը բավարարել է Նարինե Նիկողոսյանի բողոքը և բեկանել է կնոջ դեմ առաջին ատյանի դատավճիռը: Էդիսոն Ադյանը բողոքել է Վճռաբեկ դատարան: