Home / Հայաստան / «Քիմպրոմի» աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, իսկ տնօրենը միլիոններ է դիզել․ պատգամավոր

«Քիմպրոմի» աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, իսկ տնօրենը միլիոններ է դիզել․ պատգամավոր

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների պարտքը մարվեց, մինչդեռ մեկ այլ քիմիական հսկայի՝ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցների պարտքը չի մարվում: Այս հարցը ԱԺ-ում բարձրացրել է Վանաձորից մեծամասնական համակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այդ հարցում խտրական վերաբերմունք է ցուցաբերվում:

Մարուքյանն ասել է, որ «Քիմպրոմի» աշխատակիցներն իր հետ զրույցում ասել են, որ իրեց ակցիաները, միջպետական ճանապարհ փակելու փորձերը արդյունք չեն տալիս:

«Շուրջ 200 աշխատող 9 ամսվա աշխատավարձի հարց ունի: Խնդիրը չի լուծվում նաև դատական համակարգում, քանի որ աշխատակիցների մի մասը դատարանում գործեր ունի հաղթած, կան դատական ակտերի հարկադիր կատարման որոշումներ, սակայն որևէ գումար չի բռնագանձվում, քիմպրոմից որևէ գույք աճուրդի չի դրվում, որևէ բան չի արվում, որ պարտքերը վճարվեն»,- ասել է Էդմոն Մարուքանը:

Նրա խոսքով՝ Վանաձորից Երևան հասնելու և Կառավարության դիմաց բողոքի ակցիա անելու համար քիմպրոմի աշխատակիցներն անգամ հանրային տրանսպորտի գումար չունեն: «Չաշխատող գործարանի տնօրենը, սակայն, միլիոններ է դիզել: Իրավապահ մարմիններն այստեղ անելիք ունեն»,- ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է պատասխան ստանան՝ արդյո՞ք գործարանը շարունակելու է աշխատել, թե՞ միայն իրենց աշխատավարձի մարմանը սպասեն ու այլ գործ փնտրեն: