Թուրքիայում օրեցօր մեծանում է կառավարական զորքերի և Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև զինված բախումների աշխարհագրությունը։ Այսօր թուրքական ԶԼՄ֊ները հայտնեցին, որ ահաբեկչական գործողություն է իրականացվել Մուշ նահանգում՝ Սուլուջա գյուղի մոտ, որը Մուշ քաղաքից 18 կմ հեռավորության վրա է գտնվում։
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալները պայթեցրել են ճանապարհը, որով անցնում էին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները։ Պայթյունի հետևանքով 12 զինծառայող վիրավորվել և տեղափոխվել է Մուշի հոսպիտալ։
Epress.am֊ի հետ զրույցում Մուշի հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ սա նահանգում զենքի կիրառման առաջին նման դեպքն էր։ Դիարբեքիրում, Վանում, Ջիզրեում զինված հակամարտությունը վերջին օրերին սովորական է դարձել, սակայն Մուշը զինված պայքարի թատերաբեմ չէր եղել։ Մեր զրուցակիցն ընդգծել է, որ քաղաքում տեղյակ են, որ տարածաշրջանում մեծ թվով PKK֊ի զինյալներ կան, ու հաճախ հենց նրանք են վերահսկում հիմնական ճանապարհները։
«Գրեթե ամբողջությամբ քրդերով բնակեցված Մուշում թուրք պաշտոնյաները հաճախ վախենում են քաղաքից դուրս գալ։ Վերջին օրերին նրանք զգուշավոր են անգամ քաղաքում, ու թուրք պաշտոնյաների ընտանիքների անդամները ծայրամասեր էլ աշխատում են չգնալ», ֊ նշել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Մուշի բնակչությունն ամբողջությամբ, այդ թվում՝ հայկական համայնքի 200 ընտանիքներ, սատարում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), որը վերջին ընտրություններին անցել է խորհրդարան՝ հավաքելով 12 տոկոս։
«Հայերի ճնշող մեծամասնությունն արևելյան շրջաններում քվեարկում է HDP-ի օգտին։ Նրանից հետո, երբ նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն չձևավորվեց ու նոր ընտրություններ նշանակվեցին, մենք չենք կասկածում, որ HDP֊ն ավելի շատ ձայն կհավաքի։ Միանշանակ է, որ քրդերով բնակեցված երկրի արևելքում Թուրքիայի նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում»֊ը ձայն չի ստանա, և Ստամբուլում էլ Էրդողանին քվեարկողների թիվը նվազում է։ Այս պահին նա քրդերի դեմ արշավ է սկսել՝ հույսը դնելով, թե իրեն կմիանան ծայրահեղ ազգայնականները «Ազգայնական շարժում» կուսակցությունից, որը վերջին ընտրություններին 16.5 տոկոս էր հավաքել։ Հենց այդ պատճառով է, որ իշխող կուսակցության հովանու ներքո գործող երիտասարդների խմբերը երկրի արևմուտքում հարձակվում են փոքրամասնությունների տների վրա, ազգային հողի վրա ատելություն քարոզում։ Բայց արևելյան նահանգներում նման խմբեր չկան, այստեղ սադրանքներից վախենում են, և միայն զորքերն են կռվում PKK-ի դեմ», ֊ ասել է մեր զրուցակիցը։