Home / Հայաստան / Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հայց է ներկայացվել ՄԻԵԴ

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հայց է ներկայացվել ՄԻԵԴ

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` բողոքարկելով նրանց դեմ վճիռը: Ինեսսա Պետրոսյանը ներկայացնում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի, և Վարդան Վարդանյանի շահերը։

Ինչպես Epress.am֊ի հետ զրույցում տեղեկացրել է Արմեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արա Զաքարյանը, ինքը ևս ՄԻԵԴ դիմում է պատրաստում։ Զաքարյանի խոսքով՝ այս գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության, հավաքների ազատության, արդար դատավարության հոդվածները։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանն ու Վերաքննիչ դատարանը անփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Հարությունյանը և ընկերները մեղավոր էին ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 տարվա փորձաշրջան:

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ: