Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում․ մի տղամարդ անվադողեր և քարեր է շարել ու փակել ճանապարհը, որից հետո անվադողերն այրել է, ինչի պատճառով երթևեկությունը դադարեցվել է, հայտնում է Shamshyan.com կայքը:
Քասախ գյուղի բնակիչ, 28-ամյա ուսանող Վիգեն Դավթյանն իր քայլը պատճառաբանել է նրանով, թե պատկան մարմիններին, մասնավորապես, Կապի և տրանսպորտի նախարարությանը՝ հանձինս նախարար Գագիկ Բեգլարյանի, բազմիցս դիմել է, որպեսզի կարգավորվի գյուղի տրանսպորտի խնդիրը, սակայն հարցը լուծելու փոխարեն Բեգլարյանն, իր վրայից պատասխանատվությունը գցելով, ամեն անգամ նամակը հասցեագրում է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ նրա մատնանշած վարչական տարածքում տրանսպորտի հարցը պետք է կարգավորի Կապի և տրանսպորտի նախարարությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը, քանի որ Քասախ գյուղը գտնվում է Կոտայքի մարզի տարածքում։
«Հոկտեմբերյանում (Արմավիր) գյուղացիներն իրենց խնդիրը լուծելու համար ճանապարհը փակեցին, հարցը լուծվեց: Ես էլ մտածում եմ, որ էսպես անեմ, խնդիրը կլուծվի: Ճանապարհի վրա բերել, սգո սրահ են բացել ու ամեն անգամ նման արարողություններ կատարելու ժամանակ երթևեկությունը կաթվածահար է լինում, մի տրանսպորտը քիչ ա, ուզում ենք ավելացվի, մինչդեռ կապի նախարարը իրա վրից քցում ա խնդրի լուծման մեր առաջարկները ու փորձում ա լափշա կախել մեր ականջներից»,֊ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել է Դավթյանը։
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասել են, որ տրանսպորտի խնդիրը հուզում է ողջ գյուղին։
«Վիգենը մեղք չունի: Ստիպված է դիմում ծայրահեղ այդ քայլին: Էդ պրոբլեմները ողջ գյուղի պռոբլեմներն են, մինչդեռ կապի նախարարը մի դուզ գունի պատասխան չի տալիս: Խելքը գլխին պատասխան ստացել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, ով մի քանի անգամ ընդունել է մեզ, ծանոթացել մեր խնդիրներին ու տվել սպառիչ պատասխան, իսկ կապի նախարարությունը ջայլամի քաղաքականություն ընդունելով՝ հարցը չի փորձում կամ չի ուզում լուծել: Լավ է, եղվարդցի ոստիկանները շուտ էկան, Վիգենին հանգստացրեցին, թե չէ խեղճ տղեն տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ»:
Կայքը նշում է նաև, որ մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն իրենց ուժերով մարել են հրդեհը։
Նշենք, որ Քասախից Երևան ընդամենը մեկ երթուղային է գործում՝ 37 համարը, որը Մալաթիայից հասնում է գյուղի կենտրոն։ Երևանի մոտ գտնվող գյուղում բազմաթիվ ուսանողներ կան, ովքեր դժվարությամբ են կարողանում մայրաքաղաք հասնել տրանսորտի ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի դա, Երևանի կենտրոն հասնելու համար նրանք ստիպված փոխում են երթուղայինը։