Հոդված՝ Ռուսաստանը Ղարաբաղով դեպի Սիրիա ճանապարհ է փնտրում
Հեղինակ՝ Իվան Պրեոբրաժենսկի
Տպագրվել է՝ dw.com
Պաշտոնական Բաքուն, վրդովված Եվրախորհրդարանի քննադատական բանաձևից, սպառնացել է դուրս գալ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծից։ ԵՄ֊ից Ադրբեջանի այս բաժանումը ձեռնտու է Ռուսաստանին։ Կրեմլը պատրաստակամություն է հայտնել լրացնել ստեղծված դիվանագիտական վակուումը, ինչը [Ռուսաստանին] կօգնի հասնել միաժամանակ երկու կարևոր արտաքին քաղաքական նպատակի։
Ղրիմի նախադեպը
Առաջինը՝ թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության «թեժացում», որը սպառնում է դուրս գալ սառեցված վիճակից, քանի որ հակամարտության երկու կողմերն էլ ցանկանում են «Ղրիմի նախադեպն» օգտագործել իրենց շահերի համար։ Բաքվում և Երևանում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան տարբեր կերպ են մեկնաբանել։ Երևանում սկսեցին խոսել Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին՝ Ադրբեջանի, այսպես կոչված, օկուպացված շրջանների հետ միասին։ Իսկ ահա Բաքվում տեսան իրենց նախկին տարածքներն ուժով վերադարձնելու նախադեպ։
Դատելով տեղի մամուլի վերլուծությունից՝ Ադրբեջանի հասարակությունը միանգամայն պատրաստ է «փոքր հաղթական պատերազմի»։ Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը (բնականաբար, Հայաստանի ոչ պաշտոնական աջակցությամբ) նույնպես խոսում են դեպի Բաքու շարժվելու մասին ու հիշում, թե նախորդ անգամ միայն զինադադարն իբր իրենց խանգարեց գրավել Գյանջան։
Ամեն օր հարյուրավոր հարձակումներ են տեղի ունենում շփման գծում, որը չի համընկնում խորհրդային ժամանակաշրջանի ոչ մի վարչական սահմաննի հետ, այլ միայն արտացոլում է կողմերի իրական ռազմական դիրքը զինադադարի կնքման պահին։ Հայերն ադրբեջանցիներին են մեղադրում սադրանքների մեջ, իսկ ադրբեջանական բանակը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որտեղ «զենքի տակ» է գտնվում բնակչության 20 տոկոսը։ Կովկասում լայնածաված պատերազմը, սակայն, այսօր Մոսկվայի շահերից չի բխում։ Հենց դրանով է բացատրվում Կրեմլի դիվանագիտական ակտիվության կտրուկ աճը Հայաստանում և Ադրբեջանում։
Տարանցում՝ դիվանագիտության դիմաց
Մոսկվայի երկրորդ նպատակն է անհրաժեշտության դեպքում իր համար երաշխավորել տարանցիկ ուղի դեպի Սիրիա Ադրբեջանի ցամաքային ու օդային տարածքով։ Սիրիական գործողությունն աստիճանաբար վերածվում է Ռուսաստանի կարևորագույն ռազմաքաղաքական հաղթաթղերից մեկը, ու անհրաժեշտ է այն առավելագույնս ապահովագրել ձախողումից։
Կրեմլը, հետևաբար, փորձում է որքան հնարավոր է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի ու ԵՄ֊ի միջև վեճը՝ հույս ունենալով Բաքվին վերադարձնել իր ազդեցության գոտի։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի առաջարկն ու դրա մասնակի իրականացումն այս հարցում Ռուսաստանի համար իդեալական գործիք է։
Հաղթական սցենար Մոսկվայի համար
Փոխզիջումային լուծման ի՞նչ տարբերակ է Ռուսաստանն առաջարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով սեպտեմբերի կեսերին անսպասելիորեն ժամանեց Մոսկվա։ Ամենայն հավանականությամբ, վերջին տարիների ընթացքում բաղադրատոմսը շատ չի փոխվել։ Խոսքը, այսպես կոչված, գրավյալ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին է։ Բայց ոչ բոլորը, այլ միայն հինգը․ այն էլ՝ աստիճանաբար։ Մյուս երկուսը Երևանն առանց ավելի լուրջ երաշխիքներ ստանալու չի համաձայնի վերադարձնել, քանի որ դրանք ծառայում են որպես «կամուրջ» Հայաստանի ու ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի միջև։
Փոխարենն ի՞նչ։ Ուղղակի ու անուղղակի փոխհատուցումներ, Ռուսաստանի կողմից նոր ռազմական երաշխիքներ։ Հնարավոր է, որպես տարբերակ, ռուսաստանյան բազաների բարդ սխեմայի ստեղծում ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ադրբեջանում, օրինակ, Սիրիա բեռների տեղափոխման տարանցիկ կետի տեսքով: Իրադարձությունների նման զարգացումը Մոսկվային շատ կգոհացներ, քանի որ դա ոչ միայն իր վերահսկողության տակ կվերցներ ողջ Հարավային Կովկասը, այլ նաև շրջանը կվերածեր սիրիական գործողության համար կատարյալ բազայի։ Իրականում, միայն այս պատրվակով հնարավոր կլիներ Ադրբեջանում բազա առաջարկել՝ առանց ԱՄՆ֊ի խիստ հակազդեցությանն արժանանալու։
Կրեմլի համար այս տարբերակը գրեթե անթերի լուծում կլիներ։ Ղարաբաղում հակամարտությունը կրկին սառեցվում է, բայց չի կարգավորվում, տարածաշրջանում ներկայությունն ուժեղանում է, ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա՝ աճում։
Այս սխեմայում [Ռուսաստանի] համար մինուսներ գտնելն անհնար է։ Այն խնդիրներ է ստեղծում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս իշխանությունների համար, որոնք ստիպված կլինեն բացատրել հրաժարումը տարածքների մի մասից, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Իսկ ահա Կրեմլը միայն շահույթ է ստանում։