ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրին վերաբերող պաշտոնական տվյալները։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը նշում է, որ պաշտոնական տվյալներից մի քանիսը համադրելիս պարզ է դառնում, որ իշխանությունների՝ տնտեսական աճի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Գևորգյանը, մասնավորապես, բերում է կաթի արտադրության և ներմուծման ծավալների օրինակը։
«Այս տարվա առաջին կիսամյակում, ինչպես ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, արտադրվել է 428 հազար տոննա կաթ։ Մաքսային ծառայության ներկայացրած ոչ պակաս պաշտոնական տվյալներով նույն ժամանակահատվածում ներմուծվել է 1560 տոննա կաթի փոշի, խտացրած կաթ, սերուցք և այլն։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրությունն աճել է 21 տոննայով կամ 5 տոկոսով, ներմուծումը՝ ավելի քան 25 տոկոսով։ Ահռելի աճ մի երկրում, որտեղ մանրածախ առևտրի ծավալները նվազում են գրեթե երկնիշ տեմպերով։ Եվ ուրեմն, 5 տոկոսով շատ կաթ ենք արտադրել, 25 տոկոսով շատ կաթ ենք ներմուծել, բայց ավելի քիչ սպառել։ Որտե՞ղ է այդ «լրացուցիչ», ահռելի ծավալների կաթը։ Պատասխանը շատ պարզ է՝ կամ գետերում ջրի փոխարեն կաթ է հոսել, կամ էլ վիճակագրական տվյալներն իրական չեն։ Բայց մենք գիտենք, որ մեր պաշտոնական վիճակագիրները երբեք սխալ տվյալներ չեն ներկայացնում։ Նշանակում է, իրոք, կաթի գետեր են հոսել», ֊ գրում է Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում