Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները և Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին, ինչպես նաև սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսաապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին: Այս մասին ասված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
ՀԱԿ֊ը նշում է, որ պաշտոնական վիճակագրական վերջին տվյալների համաձայն, առևտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4%-ով, գործազրկությունը հասել է 20%-ի, բնակչության 32%-ը համարվում է աղքատ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40%-ով։
«Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության այս վիճակը և նրա խոցելիությունը միջազգային տնտեսական միտումների հանդեպ առաջին հերթին հենց իշխող ռեժիմի կառավարման արդյունք են. տասնյակ տարիների ընթացքում միտումնավոր ջախջախվել է միջին խավի մասնավոր նախաձեռնությունը և տնտեսական մրցակցությունը, ու Հայաստանում ստեղծվել է բացառապես իշխող վարչախմբի շահերը սպասարկող մենաշնորհային թալանի համակարգ: Ներկա ճգնաժամային իրավիճակը բոլոր պետություններից պահանջում է սեփական տնտեսության, արտադրողների եւ արտահանողների շահերի պաշտպանության նպատակով անհետաձգելի քայլեր, ներառյալ սեփական արժույթի համաչափ արժեզրկումը: Հենց դրան են ուղղված մի քանի պետությունների արձագանքող քայլերը վերջին շաբաթներին /Չինաստան, Ղազախստան, Վրաստան , Ադրբեջան եւ այլն/:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունների տնտեսական եւ ֆինանսա-վարկային քաղաքականությունը այս առումով հայտնվել է լիակատար փակուղու մեջ: Մի կողմից, ռուբլու արժեզրկման պայմաններում Հայաստանի արտահանողների և արտադրողների, և ընդհանրապես տնտեսության զարգացման շահերը պահանջում են դրամի վերահսկելի արժեզրկում և հակաճգնաժամային անհետաձգելի միջոցառումների իրականացում: Մյուս կողմից ակնհայտ է, որ իրենց հենց կողմից ստեղծված փակ մենաշնորհային համակարգի պայմաններում դրամի արժեզրկմանն ուղված քայլերը կառաջացնեն անվերահսկելի խուճապային գնաճ և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, ինչը հղի է սոցիալական պայթյունով:
Դրանից խուսափելու միակ միջոցը տնտեսության ապամենաշնորհացումն ու արդար մրցակցային միջավայրի հաստատումն է, մի բան, ինչն այս ռեժիմը չի անի, քանի որ երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է», ֊ հայտարարում է ՀԱԿ֊ը:
Կուսակցությունը նշում է, որ իրավիճակն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանդրական փոփոխությունները:
Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, նրանք զերծ են մնալու տնտեսության աջակցության որեւէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը, էլ ավելի ծանրացնելով տնտեսվարողների առանց այդ էլ կործանարար վիճակը: Ըստ վարչախմբի ծրագրերի, սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության և բնակչության կենսամակարդակի անկումը այլեւս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին: Փույթ չէ, որ մի քանի ամիս ժամանակ կորցնելու և արտաքին պահուստները էապես նվազեցնելու հետևանքով դրամի արժեզրկումը ձեռք կբերի անվերահսկելի բնույթ, իսկ Հայաստանի բնակչությունն ու ամբողջ տնտեսությունը կկրեն հավելյալ միլիարդավոր կորուստներ:
Եվ այսպես, պարզ է, որ իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ, այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահամանդրափոփոխությունը: Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը, այսպիսով, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի և երկրի տնտեսության վրա, առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ և արտագաղթի նոր ալիք: Ուստի, հանցավոր այս ծրագրին «Ոչ» ասելը վերածվում է նաև «Ոչ»-ի ամբողջ այս ռեժիմին և նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին», ֊ եզրափակում են հայտարարության հեղինակները: