Երեքշաբթի՝ հոկտեմբերի 13֊ին, Ստամբուլի նահանգապետի գրասենյակն ու ոստիկանությունը թույլ չեն տվել մի խումբ ցուցարարների սգո արարողություն անցկացնել Անկարայում շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 97 զոհերի հիշատակին։ Երեկ առավոտյան տարածած հայտարարության մեջ նահանգապետի գրասենյակը հրաժարվել է արտոնագրել նախատեսված երթը դեպի Ստամբուլի Բեյազըթ հրապարակ՝ նշելով, որ տվյալ հրապարակը բավական մարդաշատ է, համապատասխան օրենքով սահմանված չէ որպես ցույցերի տարածք, և բացի դա, «նահանգապետի գրասենյակը երթի ու հավաքի անցկացումը հարիր չի համարում՝ հաշվի առնելով ընթացիկ ժամանակաշրջանի զգայունությունը»։
Երթի կազմակերպիչները՝ արհմիությունների, քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ, նախատեսել էին հավաքվել Սիրկեչի երկաթուղայի կայարանի տարածքում և երթով շարժվել դեպի Բեյազըթ հրապարակ։ Ոստիկանությունը, սակայն, խոչընդոտել է երթը, և իրավապահների ու ցուցարարների միջև բռնկված բախումների հետևանքով չորս մարդ բերման է ենթարկվել։ Ինչպես նշում են երթի մասնակիցներն ու դեպքի վայրում եղած լրագրողներից մի քանիսը, ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել երթի մասնակիցների նկատմամբ։
Իշխանություններն ու իրավապահները հիշատակի արարողությունների անցկացումն արգելել են նաև Քըրշեհիր նահանգում։ Ցուցարարները պնդել են, թե իրենք հավաք անցկացնելու սահմանադրական իրավունք ունեն, սակայն ոստիկանները հրաժարվել են նրանց թույլ տալ շարժվել դեպի Քըրշեհիր քաղաքի Չաչաբեյ հրապարակ՝ նշելով, որ երթը Քըրշեհիրի նահանգապետի գրասենյակի կողմից արտոնագրված չէր։
Վերջիվերջո, կազմակերպիչները փոխել են հավաքի վայրն ու հանդես եկել մամուլի հաղորդագրությամբ՝ պնդելով, որ չեն լռելու, քանի դեռ ահաբեկչական հարձակման կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել։
Նույն օրը Անկարահի պայթյունների զոհերի հիշատակին ցույցեր են անցկացվել նաև Իզմիրում, Գիրեունում, Դենիզլիում և մի շարք այլ թուրքական քաղաքներում, որտեղ բախումներ չեն գրանցվել։
Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը, երեկ Ստամբուլում մասնակցելով զոհերից մեկի՝ Ֆաթմա Էսենի հիշատակի արարողությանը, կրկին քննադատության է ենթարկել իշխանություններին ու երկրի կառավարությանը մեղադրել շաբաթ տեղի ունեցած պայթյունների մեջ։
«Ցավոք, մենք չկարողացանք պաշտպանել [զոհերին] և ընդունում ենք պատասխանատվության մեր բաժինը։ Այս կառավարության ղեկավարները, սակայն, խնդրի վերաբերյալ իրենց մեղքի բաժինը չեն ընդունում։ Ամբողջ Թուրքիայում այսօր տեղի են ունենում բողոքի ցույցեր ու հիշատակի արարողություններ, որոնց ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկում մարդկանց։ Ոստիկաններն անմիջապես միջամտում են մահակներով, երբ տեսնում են՝ մարդիկ փորձում են սգո արարողություն անցկացնել։ Այսինքն՝ [իշխանությունները] մարդկանց անգամ թույլ չեն տալիս հարգանքի տուրք մատուցել․ նրանք չեն կարողանում նույնիսկ դա հանդուրժել։ Մենք բախվել ենք սարսափելի մտածելակերպի, վայրագության»,֊ ասել է ընդդիմադիրը։