Դեռևս գարնանն ակնհայտ էր, որ այս տարի Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված լուրջ խնդիրներ են լինելու։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։
«Ես դեռ գարնանը հարցազրույցներից մեկում նկատել էի, որ լուրջ խնդիրներ կունենանք մթերումների հետ կապված։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ գյուղատնտեսական հումքը վերամշակող ձեռնարկությունները արտադրանքի սպառման խնդիրներ ունեն ռուսական շուկայում, որը մեր սննդարդյունաբերության արտահանման հիմնական շուկան է։ Դա, առաջին հերթին, վերաբերում է հենց խաղողագործության ոլորտին, որն արտահանվող կոնյակի և գինու համար հումք է ապահովում», ֊ ասել է Եղիազարյանը։
Տնտեսագետի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում ստեղծված նման իրավիճակներում պետությունը պետք է միջամտի, կարգավորող դեր ստանձնի, ինչը Հայաստանում տեղի չի ունենում։
«Գյուղացիական տնտեսություններն իրենք չեն կարող կողմնորոշվել՝ ինչ արտադրեն տվյալ տարում, ինչ պլաններ կազմեն մյուս տարիների համար։ Դրա համար պետությունը միջամտում է, պետությունը տալիս է այդ ուղղությունները, պետությունը, ինչ֊որ իմաստով, կարգավորում է նաև գյուղատնտեսական գները, այսինքն՝ իր վրա պատասխանատվություն է վերցնում։ Թույլ պետությունն ունի քիչ հնարավորություններ։ Զարգացած երկրներում գյուղատնտեսության կազմակերպումը գիտական հիմքերի վրա է դրված՝ օգտագործում են մեքենաներ, թունաքիմիկատներ, հնարավարություն ունեն նվազեցնելու նաև բնական գործոնի ազդեցությունը՝ պաշտպանական համակարգեր են կիրառվում։ Մի խոսքով՝ մեխանիզմ է աշխատում։ Մեզ մոտ գյուղատնտեսությունն արտադրողական չէ, իրավիճակը բնորոշ է թույլ, թերզարգացած երկրներին», ֊ նշել է տնտեսագետը։
Նա ընդգծել է, որ պետությունը պետք է կարգավորի նաև բերքը վերամշակող խոշոր ձեռնարկությունների և գյուղացիների հարաբերությունները, որոնք Հայաստանի պայմաններում ինքնակարգավորվում են։
«Պետք է գտնեն այնպիսի ճիշտ պարիտետ, որպեսզի եկամուտից չզրկվի գյուղացին կամ վերամշակողը։ Բնականաբար, քանի որ վերամշակողը ուժեղ է՝ ֆինանսական ռեսուրսներ, շուկայում իշխանություն [ունի], հաճախ տեղի է ունենում եկամուտների վերաբաշխում ի օգուտ վերամշակող կազմակերպության։ Վերամշակող կազմակերպությունն է դառնում խաղի կանոնների թելադրող։ Այստեղ չկա օպտիմալ պարիտետ, և այս առումով գյուղացիական տնտեսությունները պետության աջակցության կարիքն ունեն», ֊ ասել է Աշոտ Եղիազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում