«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են չեղարկել հուլիսին ստորագրած դիմումները, որոնցով իրենք համաձայնել էին հրաժարվել աշխատավարձի ուշացման համար հասանելիք տուգանքներից։
Չեղարկման պահանջով դիմումները նաիրիտցիները ստորագրել են այսօր Կառավարության շենքի դիմաց և պատրաստվում են այն ներկայացնել ՀՀ նախագահին։ «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ այն ժամանակ փաստաթղթերը չստորագրելն աշխատավարձի պարտքը ստանալու նախապայմանն էր։
«Մենք հիմա պահանջում ենք այդ համաձայնագրերի չեղարկում, հիմնականում այն պատճառով, որ մենք դրանցով մեզ հասանելիք տուգանքները զիջում ենք «Նաիրիտ 2» ընկերությանը։ Մեծ մասը էլի պատրաստ է գումարները չուզել, բայց չի ցանկանում դա զիջել այդ ընկերությանը, որը գործարանի հետ կապ չունի։ Այժմ «Նաիրիտ 2»֊ը կարող է էդ փոխանցված տույժ-տուգանքների մասով պահանջ ներկայացնել «Նաիրիտին» ու սնանկ ճանաչել գործարանը»,֊ ասել է Անուշ Հարությունյանը։ Գործարանի նախկին խոսնակը մտահոգություն է հայտնել, որ այդկերպ ցանկանում են փակել «Նաիրիտի» վերագործարկման հարցը։ Ըստ Հարությույանի՝ բացի իրենց գրած փաստաթղթերը չեղարկելուց, նաիրիտցիները պահանջում են «Նաիրիտի» վերաբացում։ Կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիները այս պահանջով դիմումները ևս ստորագրել են։