Home / Հայաստան / Փոքր ՀԷԿ֊երը Մարց գետն աղետալի վիճակի են հասցրել․ ՀԲՃ

Փոքր ՀԷԿ֊երը Մարց գետն աղետալի վիճակի են հասցրել․ ՀԲՃ

Մարց գետն աղետալի վիճակում է և դրա պատճառը գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ֊երն են, արձանագրել են հոկտեմբերի 23-ին Լոռու մարզ այցելած Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ներկայացուցիչները։

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման ձևով կառուցված և շահագործվող ՓՀԷԿ-երը ոչ թե էլեկտրաէներգիա ստանալու էկոլոգիապես անվտանգ տարբերակ են, այլ իսկական էկոլոգիական աղետ Հայաստանի գետային էկոհամակարգերի համար։

«Դեբեդի վտակ Մարց գետի վրա կառուցված է երկու ՓՀԷԿ՝ «Մարցիգետ-2» և «Մարցիգետ-1», որոնց շահագործման արդյունքում գետը մոտ 11 կմ երկարությամբ հատվածում հոսում է ոչ թե իր բնական հունով, այլ խողովակների միջով։ Սակավաջուր շրջանում, իսկ դա կազմում է տարվա մեջ գրեթե 8 ամիս, Մարց գետն ըստ էության վերանում է՝ իր ողջ կենսաբազմազանության հետ միասին։

1marz

Ընդամենը երեք ամիս առաջ այս նույն ՓՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը արդեն դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի արդյունքում «Արգիշտի-1» ՍՊ ընկերությանը պատկանող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ում նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2015թ. հուլիսին իրականացվել է տեսչական ստուգում: Ստուգմամբ արձանագրվել է, որ ձկնանցարանը կառուցված է նախագծի խախտումներով և այն որպես ձկնանցարան չի կարող ծառայել: Խախտումները վերացնելու համար տրվել է համապատասխան հանձնարարական և սահմանվել երկամսյա ժամկետ, իսկ ընկերության ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Երկամսյա ժամկետը վաղուց ավարտվել է, սակայն խախտումները վերացված չե», ֊ արձանագրում է նախաձեռնությունը։

ՀԲՃ֊ն նշում է, որ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ում ընդհանրապես ստուգում չի իրականացվել, քանի որ ՀՀ կառավարության 30 հուլիսի 2015 թվականի N 839-Ա որոշման համաձայն ՀՀ տարածքում ստուգումների գործընթացը դադարեցվել է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, իսկ առանձնահատուկ դեպքում կարող է իրականացվել ստուգում միայն նշված որոշման պահանջներին համապատասխան։ «Այսինքն, ստացվում է այնպես, որ այս ՓՀԷԿ-ը շահագործող «Մարցէներջի» ՍՊ ընկերությունը «հանգիստ» կարող է շարունակել ոչնչացնել Մարց գետի ձկնաշխարհն ու էկոհամակարգը», ֊ ընդգծում է նախաձեռնությունը։

2marz